ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցություններին Արցախի հիմնահարցը քննարկելու համար հրավիրեց հանդիպման: Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին:
«Պատիվ ունեմ»-ից Տիգրան Աբրահամյանը հարցրեց, թե երբ են Փաշինյանին զեկուցել, որ պատերազմի շեմին ենք կամ բավականին մեծացել է պատերազմի հավանականությունը:
«Այն, որ պատերազմի շեմին ենք, կարծում եմ, որ ՀՀ ղեկավարներին զեկուցվել է շատ պարբերաբար, օրինակ՝ մասնավորապես 2011-ի Կազանյան փաստաթղթի չստորագրումից հետո: 2018-ին իմ վարչապետ դառնալուց հետո էլ այդպիսի զեկույցները եղել են պարբերաբար, որ տեղեկություններ կան, որ Ադրբեջանը նախապատրաստվում է պատերազմի: Այս ամբիոնից Սերժ Սարգսյանն էլ ասել է, որ այդ պահից սկսած ցանկացած պահի պետք է սպասել պատերազմի»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետը նշեց՝ ուզում է, որ մարդիկ տարբերեն երկու իրավիճակ: «Առաջին իրավիճակը հետևյալն է՝ երբ մենք կատարյալ խաղաղ վիճակում ենք, և տեղեկություն է գալիս, որ պատերազմը հնարավոր է: Իսկ երբ պատերազմը հնարավոր է, դա ակնհայտ է և անընդհատ հնչում են հայտարարություններ, որ ռազմական ճանապարհով ԼՂ հարց է լուծվելու, այդ պատերազմի մասին տեղեկությունները դառնում են սովորական լրահոսի նման մի բան»,-ասաց վարչապետն ու կարևորեց նաև տեղեկության ֆիլտրումը:
Նա նշեց՝ գործնականում ամեն օր էլ եղել է տեղեկություն, որ պատերազմը հնարավոր է: Սակայն ինստիտուտները ֆիլտրում են այդ տեղեկությունը և գնահատում, թե դա ինչքանով է հնարավոր: «Իմ հիշողության մեջ արձանագրված է, որ սեպտեմբերի 27-ից 2 օր առաջ ռադիոկլանում էր տեղին ունեցել, մի նախադասություն, որն այդ առումով շատ վստահելի էր թվացել: Դա տեղի է ունեցել 1-2 օր առաջ: Բայց դրանից առաջ անընդհատ եղել են տվյալներ, որ պատերազմ է լինելու»,-ասաց Փաշինյանը:
Անդրադառնալով ընդդիմադիրների կողմից բարձրացված՝ Արցախի սուբյեկտայնության նվազման մասին հայտարարությանը՝ Փաշինյանն ասաց. «Ես զարմանում եմ, որ դրա մասին «Հայաստան» դաշինքն է խոսում ընդհանրապես: Կներեք, դուք եք Արցախին բանակցային սեղանից դուրս թողել 1998-ին, և դա միջազգայնորեն արձանագրված փաստ է»:
Անդրադառնալով ընդդիմության խոսքերին, որ Արցախի տարածքի 72 տոկոսը հիմա օկուպացված է՝ Փաշինյանն ասաց. «Կներեք, որ այդ տարածքի 72 տոկոսը ձեր իշխանության օրոք բանակցային սակարկության առարկա էր, ու դուք դրա մասին գիտեինք, ինչո՞ւ ձայն չէիք հանում»:
Անդրադառնալով պատերազմը չկանգնեցնելու մեղադրանքներին՝ վարչապետը հարցրեց՝ ընդդիմությունը չգիտե՞ր, որ պատերազմը կանգնեցնելու գինը այդ բոլոր տարածքները տալու համաձայնություն տալն էր:
«Եթե դուք հիմա ասում եք, որ Արցախի 72 տոկոսը օկուպացված է, մենք տվել ենք, ուրեմն ձեր կուսակցությունը 1998-ից մինչև 2016-ը բանակցելիս է եղել հայրենիքի 70 տոկոսը հանձնելու մասին: Դուք մի անգամ հայտարարություն չեք արել»,-ասաց Փաշինյանը:
Նա նկատեց՝ ընդդիմությունը հարցեր է տալիս՝ իմանալով, որ դռնբաց ռեժիմով այդ հարցերին պատասխանելը դժվար է:
Անդրադառնալով նստել-խոսելու՝ ընդդիմության կողմից հնչեցված խոսքերին՝ Փաշինյանը նրանց հրավիրեց խոսելու: «Ո՞վ է երբևէ խոսելուց հրաժարվել: Ո՞ւմ եք հրավիրել: Մեծ հաճույքով, նստենք, խոսենք: Ես ընդունում եմ առաջարկը և երկու ընդդիմադիր խմբակցություններին ամբողջ կազմով հրավիրում եմ հանդիպման»,-ասաց Փաշինյանը: