Փաշինյանի ճանապարհային քարտեզը՝ կեղծիք, արժեզրկում եւ քաոս

Հրապարակող՝

,

Փաշինյանի ճանապարհային քարտեզը՝ կեղծիք, արժեզրկում եւ քաոս

Շատերը վաղուց են նկատել, որ հանրային դաշտը պարբերաբար հայտնվում է Նիկոլ Փաշինյանի մատուցած մտքերի ու ձեւակերպումների ծուղակի մեջ։ Նրա յուրաքանչյուր հայտարարություն դառնում է այնպիսի քննարկումների առարկա, որի ընթացքում հանրությունն ավելի է խճճվում ճշմարտության եւ ստի միջեւ։

Այդ տեսանկյունից վերջին տարիներին Փաշինյանի կիրառած մանիպուլյատիվ խոսույթի առանցքում դրված էր «ինքնիշխանության» գաղափարի շահարկումը։ Իր հակազգային եւ հակապետական քայլերն արդարացնելու նպատակով նա ներկայացնում էր մի շարք հիմնավորումներ, որոնք իբրեւ թե ապացուցում էին, որ այդ որոշումները ընդունվում են հանուն Հայաստանի ինքնիշխանության ամրապնդման։ Այդ տրամաբանությամբ հայկական կողմի զիջումներն ու ադրբեջանաթուրքական կամայականությունները մատուցվում էին որպես անխուսափելի եւ անգամ օգտակար քայլեր, որոնք, իբրեւ թե, ամրապնդում են մեր պետության տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Օրինակ, Շուռնուխ գյուղի մի մասը Ադրբեջանին հանձնելու որոշումը Փաշինյանն ու նրա թիմը ներկայացնում էին Սյունիքն անվտանգ դարձնելու եւ Հայաստանի սահմանները լեգիտիմ դարձնելու առաջնահերթությամբ։ Ըստ վարչախմբի՝ այդպես ՀՀ ինքնիշխանությունը բարձրանում էր մի նոր մակարդակի։

Գործող վարչախմբի նման շահարկումների արդյունքում «ինքնիշխանության» գաղափարը հետզհետե վերածվեց իշխանական քարոզչության առանցքային հենասյուներից մեկի։ Փաշինյանը սկսեց ձեւավորել այն պատկերացումը, թե Հայաստանը անցյալից չի ժառանգել բավարար պետաիրավական հիմքեր, եւ հետեւաբար յուրաքանչյուր զիջում ներկայացվում էր որպես հաշվարկված քայլ, որը պետք է ապահովի պետական շահի մի նոր արդյունք ու մեզ հասցնի նոր որակի անկախության։ Այս մտածողությունը նա ձեւակերպեց հենց «ինքնիշխանություն» կոնցեպտի տակ, որի կեղծ լինելը քողարկելու համար նրան տրվեց «իրական» անունը։ Այդ կերպ ձեւավորվեց «Իրական Հայաստան» գաղափարախոսությունը։

Սակայն այստեղ մեզ հետաքրքրում է ոչ այնքան այդ գաղափարախոսական փաթեթավորումը, որքան այն մեխանիզմը, որով Փաշինյանը մանիպուլացնում է հանրությանը։ Այդ տեսանկյունից պետք է նկատել, որ նա շահագործում է հանրային տարածված այն մտածողությունը, ըստ որի անելանելի իրավիճակում «մասը տալը» համարվում է ողջունելի, եթե արդյունքում «ամբողջը» պահպանվում է։ «Չարի վերջը» հեքիաթը հանրային հենց այդ մտածողության մասին է։ Այդ հաշվարկով պետության շուրջ տեղի ունեցող յուրաքանչյուր սրացում ներկայացվում է որպես անխուսափելի եւ անելանելի գործընթաց, իսկ ցանկացած զիջում՝ որպես ռացիոնալ եւ նույնիսկ օգտակար քայլ՝ իբրեւ ամբողջ Հայաստանը ապագա վտանգներից պաշտպանելու ռազմավարական լուծում։

Այս տրամաբանության մեջ պետական շահերից ցանկացած նահանջ կամ հրաժարում ներկայացվում է ոչ թե որպես կորուստ, այլ՝ որպես պետության խոցելիության նվազեցում։ Բնականաբար, ժամանակի ընթացքում այս մեխանիզմը ձեւավորելու էր այն վտանգավոր ընկալումը, թե զիջումներն են մեր ինքնիշխանության ամրապնդման իրական ճանապարհը։ Եվ սա դարձավ Փաշինյանի քաղաքական մանիպուլյացիայի առանցքային գործիքը։

Սակայն այդ մեխանիզմը ունի մի ավելի խորը հետեւանք։ «Ինքնիշխանության» գաղափարի շահարկումը հանրային տարբեր խմբերի մոտ առաջացնում է ոչ միայն վեճ, այլ իրական տեղեկատվական քաոս։ Շատերը, տեսնելով որ իշխանությունը գիտակցաբար աղավաղում է այդ եզրը եւ այն դարձնում սեփական քաղաքական վարքի արդարացման միջոց, փորձում են պաշտպանել հենց գաղափարը՝ տարանջատելով այն պետական կառավարման ընթացիկ քայլերից։ Այստեղից քննարկումները տեղափոխվում են տարբեր հարթություններ․ մի մասը ընկալում է ինքնիշխանությունը որպես արժեք, որը պետք է պաշտպանել փաշինյանական շահարկումներից, մյուսները նույն եզրը սկսում են ներառել իրենց կուռքի անսխալականության պաշտամունքի մեջ, իսկ մի մասն էլ պարզապես կորցնում է չափորոշիչները եւ խառնում գաղափարի բովանդակությունը քարոզչական խոսույթի հետ։

Արդյունքում բառերի բուն իմաստը խառնվում է դրանց քարոզչական օգտագործման հետ, եւ արժեզրկվում է ոչ միայն քաղաքական լեզուն, այլ նաեւ պետության վերաբերյալ հանրային պատկերացումը։ «Ինքնիշխանությունը» դադարում է ընկալվել որպես հստակ քաղաքական-իրավական արժեք եւ վերածվում է մաշված, դատարկ բառի, որը յուրաքանչյուրն օգտագործում է իրեն հարմար ձեւով։ Թվում է, թե Փաշինյանը հաճույք է ստանում հենց այսպիսի քաոսից։

Ամենաթարմ