Եվրահանգրվան
11:06 14/07/2021

Փաշինյանը շնորհավորել է Մակրոնին

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ազգային տոնի կապակցությամբ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։

Շնորհավորական ուղերձում Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Մեծարգո պարոն նախագահ, թանկագին Էմանուել

Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և բարեկամ ֆրանսիացի ժողովրդին՝ Ֆրանսիայի ազգային տոնի կապակցությամբ։

Ավելի քան երկու դար առաջ ֆրանսիացի ժողովուրդը համախմբվեց ազատության, հավասարության և եղբայրության արժեքային առանցքի շուրջ՝ եվրոպական քաղաքակրթության համար ճանապարհ հարթելով դեպի մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեքների վրա հիմնված ապագա։ Իսկ այսօր, Հայաստանը, իր հավատարմությունը ցույց տալով նույն անբեկանելի արժեքներին, վճռական քայլերով շարունակում է առաջ ընթանալ ժողովրդավարական ինստիտուտների և իրավունքի գերակայության ամրապնդման ուղիով։

Անվիճելի է, որ Հայաստանի ու Ֆրանսիայի միջև ընդհանուր արժեքների և դարավոր բարեկամության վրա հիմնված երկկողմ հարաբերությունները կրում են առանձնաշնորհյալ բնույթ։ Երկու պետությունների միջև բացառիկ քաղաքական երկխոսությունը թույլ է տալիս հաջողությամբ համագործակցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ծրագրերի ու հարցերի շուրջ։

Անցած տարի տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների համատեքստում Հայաստանն իր անկեղծ երախտագիտությունն է հայտնում բարեկամ Ֆրանսիային՝ անաչառ դիրքորոշման և Հայաստանի ու Արցախի խաղաղ բնակչությանը ցուցաբերած աջակցության համար։ Ֆրանսիան և ֆրանսիացիները հերթական անգամ մեր կողքին էին պատմական այս դժվար շրջափուլում:

Հայաստանը մեծապես կարևորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով Ֆրանսիայի ամուր ներգրավումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում: Մենք բարձ ենք գնահատում Ֆրանսիայի ջանքերը հայ ռազմագերիների տուն վերադարձի և Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության պահպանության հարցերում։

Ակնկալում եմ առաջիկայում հյուրընկալել Ձեզ Հայաստանում՝ պետական այցով:

Մեծարգո պարոն նախագահ,

Ֆրանսիայի միասնականությունը և հերոսական պատմությունը խորհրդանշող տոնական այս օրը մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, անկոտրում կամք և հաղթանակներ Ձեր բոլոր նախաձեռնություններում, իսկ ֆրանսիացի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ