Քաղաքականություն
07:00 26/01/2020

Փաշինյանը սուպերվարչապետական բարձունքներից տեղը չի բերում, որ արդեն իսկ հասցրել է հոգեպես կապվել ՀՀԿ-ի հետ. Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրառում է կատարել Facebook-ի էջում` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հնչած այն մտքին, թե Էդմոն Մարուքյանը կարծես «տեղը չի բերում, որ Հայկ Մարությանը Տարոն Մարգարյանը չէ, ես Սերժ Սարգսյանը չեմ»:

«Նիկոլ Փաշինյանը սուպերվարչապետական բարձունքներից տեղը չի բերում, որ արդեն իսկ հասցրել է հոգեպես կապվել ՀՀԿ-ի հետ և բոլորը աչքին «Աշոտյան» են թվում։ Նիկոլ Փաշինյանը տեղը չի բերում, որ իր թեթև ձեռքով քաղաքական դիսկուրսի որակը իջեցվել է «գողական ենթամշակույթին» բնորոշ «տեղը բերելու և չբերելու» մակարդակին։

Հեղափոխական էյֆորիայի ազդեցությամբ 73 տոկոս ձայն հավաքած վարչապետը տեղը չի բերում, որ «ժողովուրդ» եզրույթը չի սահմանափակվում միայն իր ընտրողներով։ Փաշինյանն այդպես էլ չկարողացավ տեղը բերել, որ այս ամբողջ պատմությունը Սերժ Սարգսյան անձի մասին չէ, այլ՝ արատավոր համակարգի, որը ինքը չի կարողանում և չի ուզում փոխել։ Այս պարագայում անձերը երկրորդական են, եթե համակարգը չի փոխվում, ապա անհատները հայտնվում են նույն հարթության մեջ։

Եվ վերջապես, այսքան տարիների համատեղ աշխատանքից հետո, փաստացի, Նիկոլ Փաշինյանը չի կարողացել նաև ինձ տեղը բերել։ Պարո՛ն Վարչապետ, ես Էդմոն Մարուքյանն եմ, Հայաստանի երրորդ ամենամեծ քաղաքական ուժի ղեկավարը։ Մի՛ մոռացեք և ուշադրություն դարձրեք Ձեր հռետորաբանությանը: Կհանդիպենք խորհրդարանում»,- գրել է նա:

Երեկ՝ հունվարի 25-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես ասել էր․ «Ես ցավում եմ, որ այս իրավիճակում պարոն Մարուքյանը չի կարողանում տարբերել. որ ասում ենք՝ անցյալում է մնացել, ինչ նկատի ունենք՝ չի կարելի ժողովրդի վստահության քվեն ունեցող իշխանության հետ այդ լեզվով, այդ ձևով խոսել»:

Դիտարկմանը, թե Էդմոն Մարուքյանը նշել է, որ իշխանությունն իր քայլով քաղաքական կրեդիտներ է կորցնում, վարչապետն արձագանքել է.

«Ով քաղաքական կրեդիտ կորցնելուց է խոսում, թող տանձից, խնձորից, ուրիշ բաներից խոսի: Եթե պարոն Մարուքյան շարունակելու է տեղը չբերել, ինքը հայտնվելու է Արմեն Աշոտյանի դերում, ինքը թող ընտրի, մենք որևէ պրոբլեմ չունենք: Հերիք է՝ մեր համեստությունը չարաշահեն»:

Ճշտող հարցին՝ Աշոտյանի ո՞ր դերում, Փաշինյանն ասել է՝ ստեղծագործական:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ