Աշխարհ

Պաշտոնյաները կարժանանան խիստ արձագանքի, եթե ենթակաների նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորեն

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 23-ին ընդունել է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանին:

«Նախագահ Հարությունյանը նշել է, որ ծանոթացել է Մարդու իրավունքների պաշտպանի 2019թ. գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդմանը՝ կարեւորելով Պաշտպանի հաստատության դերը Հանրապետության մի շարք առանցքային ոլորտներում մարդակենտրոն բարեփոխումներ իրականացնելու գործում:

Բեգլարյանը հակիրճ ներկայացրել է տարեկան հաղորդման մեջ ամփոփված որոշ առաջարկներ, ներառյալ՝ պետական վարչարարության, հանրային ծառայության, քրեակատարողական համակարգերի բարեփոխման վերաբերյալ՝ հույս հայտնելով, որ շուրջ հարյուր առաջարկների մի մասը տեղ կգտնի Հանրապետության նախագահի՝ առաջիկայում հրապարակվելիք ծրագրում: Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է Կառավարության կողմից մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարություն մշակելու եւ իրագործելու անհրաժեշտությունը:

Հանրապետության նախագահն անդրադարձել է որոշ առաջարկների, պատրաստակամություն է հայտնել կոնկրետ քայլեր ձեռնարկել վերհանված հիմնախնդիրների վերացման ուղղությամբ՝ հատկանշելով կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման ու հանրային ծառայողների կարողությունների զարգացման ուղղությունները: Արայիկ Հարությունյանը շեշտադրել է, որ պետական բարձրաստիճան այն պաշտոնյաներն, ովքեր ոչ իրավաչափ կամ անհարգալից վերաբերմունք կդրսևորեն քաղաքացիների և իրենց ենթակաների նկատմամբ, կարժանանան համապատասխան խիստ արձագանքի»,- ասված է հաղորդագրության մեջ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ