Հայաստանում գործնական քայլեր են իրականցվելու օտարված հողերը վերադարձնելու ուղղությամբ, որոնք չեն օգտագործվում։ Նորվեգացի լրագրողի հարցին պատասխանելիս այս մասին այսօրվա ասուլիսին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Պարզվեց, որ մի շարք ձեզ հայտնի բարձրաստիճան պաշտոնյաներ Մեղրու ազատ տնտեսական գոտու տարածքի շուրջ եղած ամբողջ հողերը սեփականաշնորհել են՝ որպես կառավարության ներկայացուցիչ իմանալով, որ այդտեղ այդպիսի նախագիծ է իրականացվելու։ Ընդ որում՝ սեփականաշնորհել են ծիծաղելի գներով», – ասաց վարչապետը։
Փաշինյանը նշեց՝ առաջին քայլը, որ արել են, վաղը լրատվամիջոցներում ու սոցցանցերում քննադատության պատճառ կդառնա․
«Առաջին բանը՝ ուղղակի լուր ուղարկեցինք, ասացինք՝ էս չի կարող սենց լինել, ուղղակի եկեք, կամավոր վերադարձրեք էտ հողերը պետությանը, խնդրեցինք քաղաքավարի։ Եվ նրանք մերժեցին։ Շատ լավ, մենք ասացինք, ուրեմն ավելի մանրամասն կծանոթանանք էտ գործարքների հետ», – ասաց Փաշինյանը։
Ավելի մանրամասն ծանոթությունից հետո քրեական գործ է հարուցված, ու կասկած չկա, որ կապացուցվի, որ եղել է չարաշահում, ավելացրեց վարչապետը։
