fbpx
Իրավական

Պաշտպանի այցի արդյունքում 6 երեխա հատուկ դպրոցից տեղափոխվել է ներառական դպրոց

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը չհայտարարված այց է իրականացրել Երևանի քաղաքապետարանի ենթակայության թիվ 2 հատուկ (օժանդակ) դպրոց: Նա ծանոթացել է երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունում առկա վիճակին, պարզել անցյալ տարի մոնիթորինգային այցի արդյունքում արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ կատարված աշխատանքները։

Այս այցի արդյունքում ևս արձանագրվել են խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ անհրաժեշտ է իրականացնել հետևյալ քայլերը.

Երեխաներից շատերը դեռևս չունեն վկայագրեր այն դեպքում, երբ վկայագրի առկայությունը հաստատություն ընդունվելու կարևոր նախապայման է,
Պետք է վարվեն երեխաների նկատմամբ և երեխաների միջև բռնության դեպքերի արձանագրման մատյանները,
Բուժանձնակազմը պետք է ունենա շուրջօրյա ներկայացվածություն,
Դեղամիջոցները երեխաներին պետք է տրամադրվեն բժշկական կրթություն ունեցող անձնակազմի կողմից,
Պետք է առկա լինեն մտավոր խնդիրներ ունեցող երեխաների համար հարմարեցված դասագրքեր,
Պետք է հատուկ դպրոցում ներգրաված մասնագետների համար ներդնել վերապատրաստման համակարգ,
Շենքի տանիքը և ննջասենյակներն ունեն անհապաղ վերանորոգման կարիք և այլն։
Նշենք, որ անցյալ տարի սեպտեմբեր ամսին Պաշտպանի ներկայացուցիչների ևս մեկ չհայտարարված այցից հետո հաստատությունում արձանագրվել են մի շարք դրական փոփոխություններ։ Մասնավորապես, 6 երեխա տեղափոխվել է ներառական կրթություն իրականացնող հանրակրթական դպրոցներ:

Բացի այդ, սանհանգույցներում արդեն առկա է օճառ և զուգարանի թուղթ, առանձնացվել և վերանորոգվում է բժշկական մեկուսարան, տարածքային պոլիկլինիկայի հետ հաստատված է համագործակցություն և պոլիկլինիկան սպասարկում է նաև հաստատության երեխաներին, տեղադրվել է բողոքների արկղ երեխաների համար և այլն։

Այցի արդյունքում արձանագրված խնդիրները մանրամասն կվերլուծվեն և պետական իրավասու մարմիններին կներկայացվեն խնդիրների լուծման ուղղությամբ կոնկրետ առաջարկներ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ