fbpx
Իրավական

Փաստաբանի և դատախազի միջև թեժ ընդհարում եղավ Քոչարյանի գործով նիստին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը:

Դատարան են ներկայացրել ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը և նրա պաշտպաններ Արամ Օրբելյանը, Հովհաննես Խուդոյանը, Ռուբեն Սահակյանը, ամբաստանյալ Արմեն Գևորգյանը և նրա պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանը, Վարդգես Գևորգյանը, ամբաստանյալ Սեյրան Օհանյանը և նրա պաշտպաններ Կարեն Մեժլումյանը, Ինեսա Պետրոսյանը, ինչպես նաև ամբաստանյալ Յուրի Խաչատրուրովը և վերջինիս պաշտպան Միհրան Պողոսյանը:

Մեղադրող դատախազներից ներկա են Պետրոս Պետրոսյանը, Գևորգ Բաղդասարյանը: Ներկա է նաև դատախազ Կարեն Բիշարյանը:

Դատավորի հարցին ի պատասխան՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանն ասաց, որ իրենք բացարկի միջնորդություն ունեն Կարեն Բիշարյանին: Նշենք, որ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ընթացող նիստերի ժամանակ Բիշարյանն առաջին անգամ է ներկայացել դատարան: Նա, սակայն, գործով որպես մեղադրող դատախազ ներգրավված է եղել ավելի վաղ, երբ գործը դեռ գտնվում էր դատավոր Դավիթ Գրիգորյանի վարույթում:

Բացարկի միջնորդություն ներկայացնելիով՝ Հովհաննես Խուդոյանը նշեց, որ դատախազ Կարեն Բիշարյանը կանխակալ վերաբերմունք ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ. «Դեռևս 2018 թվականի փետրվարի 23-ին՝ ՀՀ Ազգային ժողովում հրավիրված քննարկումների ընթացքում, դատախազ Բիշարյանը, ամբիոնից պատասխանելով առաջադրված հարցադրումներին, մասնավորապես՝ այն մասին՝ արդյո՞ք վարույթում առկա չեն պրն Քոչարյանին, գնդապետի կոչումներ ունեցող նախկին պաշտոնյաների մասով գործին ընթացք տալ: Սրան ի պատասխան՝ Կարեն Բիշարյանը նշել է, որ այդպիսիք առկա չեն, և պրն Քոչարյանին որպես վկա հարցաքննության հրավիրելու հարկ նույնիսկ չկա»:

Խուդոյանի խոսքով՝ խնդիրն այն է, որ հետագայում՝ որոշակի քաղաքական պրոցեսների արդյունքում, Կարեն Բիշարյանը տեսել է այդ հիմքերը. «Մինչդեռ այդ հիմքերը, ինչպիսիք են, օրինակ, արտակարգ դրություն մտցնելու մասին հրամանը, 0038 հրամանը, ինչպես նաև զինված ուժերի մասնակցությունը, նրան հայտնի են եղել դեռևս այն ժամանակ: Այսինքն՝ բոլոր փաստական հանգամանքները, որ դրված են պրն Քոչարյանի մեղադրանքի հիմքում, առկա եղել են դեռևս փետրվար ամսին, և դրանց տեղյակ է եղել դատախազ Բիշարյանը»:

Պաշտպանի խոսքով՝ քաղաքական փոփոխությունների արդյունքում դատախազը կանխակալ վերաբերմունք է դրսևորում պրն Քոչարյանի նկատմամբ. «Հնարավոր չէ նրա պես մասնագիտական բարձր հատկանիշներ ունեցող մարդու համար ինչ-որ բան այդ ընթացքում փոխված լիներ, նա ամբողջությամբ փոխել է իր դիրքորոշումը, ուստի չի կարող սույն գործով մեղադրող դատախազ լինել»:

Միջնորդության վերաբերյալ ելույթ ունեցավ պաշտպաններից Ռուբեն Սահակյանը, ում խոսքով՝ պրն Քոչարյանի և մյուսների գործողություններում քրեորեն հետապնդելի արարք չտեսնելուց ուղիղ 4 ամիս 10 օր հետո իրենք տեղեկացան, որ որոշում է կայացվել Միքայել Հարությունյանին մեղասդրանք առաջադրելու մասին. «Ի՞նչ փոխվեց Դատախազությունում՝ սկսած գլխավոր դատախազից. նրան հիշատակում եմ, որովհետև դեռևս այն ժամանակ միջնորդություն է ներկայացվել Քոչարյանին վկա հարցաքննելու մասին, ինչը նա մերժել է: Իմ համոզմամբ՝ իրականում ոչինչ, բացի քաղաքական պատվերից»:

Միջնորդության վերաբերյալ ելույթ ունեցավ նաև Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողողոսյանը: Նա նշեց, որ 2018-ի փետրվարին Կարեն Բիշարյանն ԱԺ ամբիոնից հանրությանը տեղեկացնելով քրեական գործի մասին՝ հայտարարել է, որ բարձր զինվորական դասային աստիճան ունեցող անձանց նկատմամբ քրեական հետպնդման, իրականացնեկու, անգամ որպես վկա հրավիրելու հիմքեր առկա չեն։ Պետք է հուսանք, որ Կարեն Բիշարյանը քաղաքական հրահանգով կամուղղակի պատվերով չի առաջնորդվել, այլ գործել է օրենքի հիման վրա։ Հետագայում՝ ապրիլ-մայիս ամիսներին, Հայաստանում տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո գործի ընթացքն ամբողջությամբ փոխվել է, և փոխվել է նույն դատախազի հսկողության ժամանակ, մինչդեռ գործի փաստական հանգամանքերը որևէ կերպ չեն ավելացվել։ Ընդ որում այս մասին են խոսում գլխավոր դատախազության և ՀՔԾ հաղորդագրությույններն այն մասին, որ նախաքննությունն այդ ժամանակահատվածում ձեռք է բերել ընդամենը 0038 հրամանը և նախագահի հրամանագիրը։ Միհրան Պողոսյանը հիշեցրեց, որ նախագահի հրամանագրում դեռևս 2008 թվականից հստակ նշված է եղել արտակարգ դրության իրականացման պայմանները և դրանում ներգրավված անձանց շրջանակը. ինչ վերաբերում է 0038 հրամանին, դեռևս 2011 թվականին այդ հրամանը հրապարակելու համար անձը ենթարկվել է քրեական պատասխանատվության։ 0038 Հրամանի մասին տեղյակ է եղել ինչպես դատախազությունը, այնպես էլ Գլխավոր դատախազը։ Այս պայմաններում Կարեն Բիշարյանը հսկողություն է իրականացնում մի քրեական գործի նկատմամբ, որով որևէ նոր փաստական հանգամանք ձեռք չի բերվել։ Ակնհայտ է, որ դատախազը ոչ թե օրենքով, այլ քաղաքական պահանջներով է առաջնորդվել։ Կարեն Բիշարյանը կամ 2018-ի փետրվարին է քաղաքական պատվեր կատարել կամ հիմա․ երկու դեպքում էլ օրենքով չի գործել և այդ հիմքով ենթակա է բացարկման, այլ տարբերակ ուղղակի չկա։

Այն պահին, երբ Միհրան Պողոսյանն ասաց, որ չի կարող որևէ հանգամանք չփոխվի և անձանց նկատմամբ հետապնդում սկսվի, մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն առարկեց նրա հայտարարությանը, ինչին միացավ նաև մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը: Միհրան Պողոսյանը, դիմելով դատախազներին, պնդեց, որ նրանց ելույթների ժամանակ ինքը չի ընդհատում: Դրան ի պատասխան՝ դատախազ Գևորգ Բաղդասարյանը ոտքի կանգնեց՝ բարձր ձայնով հայտարարելով, որ Պետրոսյանն ընդամենը առարկություն է ներկայացնում, պետք է թողնել, որ ներկայացնի: Սա զայրացրեց պաշտպան Պողոսյանը, որն էլ դիմելով Բաղդասարյանին, բարձր տոնով ասաց, որ վերջինս իրեն չասի՝ ինչ անել: Նիստերի դահլիճում սկսվեց իրարանցում, ինչով պայմանավորված նախագահող դատավորը հայտարարեց ընդմիջում:

Ընդմիջումից հետո դատավոր Աննա Դանիբեկյանը, լսելով կողմերի պարզաբանումները, որոշեց սանկցիա կիրառել ինչպես պաշտպան Միհրան Պողոսյանի, այնպես էլ Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանի նկատմամբ՝ նրանց հայտարարելով նկատողություն: Դատավորը հայտնեց, որ այդ մասին կծանուցվի ինչպես Փաստաբանների պալատը, այնպես էլ Գլխավոր դատախազը:

Աղբյուրը՝ Armtimes.com

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ