fbpx
Իրավական

Փաստաբանները միջնորդեցին գրավի դիմաց ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը միջնորդություն ներկայացրեց իր պաշտպանյալին գրավով ազատելու մասին:

Փաստաբանն արձանագրեց Քոչարյանի արդար դատաքննության իրավունքի խախտումը: Նա հիշեցրեց, որ ազատության սահմանփակման համար հիմքեր չկան: Խուդոյանի խոսքով՝ քննության և դատավարության ամբողջ ընթացքում Ռոբերտ Քոչարյանի կողմից չի եղել դատաքննությանը խոչընդոտելու կամ մասնակցությունից խուսափելու ոչ մի դեպք: Փաստաբանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի ազգականները պատրաստ են դատարանի որոշած գումարը փոխանցել: Ընդ որում՝ նա խնդրեց հաշվի առնել, ոքր ընտանիքի գույքը կալանքի տակ է: Գրավի չափի որոշումը փաստաբանը վերապահեց դատարանին:

Լրացնելով գործընկերոջը՝ փաստաբան Հայկ Ալումյանն ասաց, որ նախօրեին Հայաստանի պաշտոնատար անձինք հայտարարություն են արել Սահմանադրական դատարանի որոշման անօրինականության մասին, ինչը հստակ ուղերձ է դատավարության նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին։

«Սա առաջին դեպքը չէ, երբ դատարանի վճռական որոշման նախօրեին պաշտոնատար անձինք միջամտում են դատավարությանը։ Ձեր որոշման վրա չէին կարող չանդրադառնալ այդ հայտարարությունները»,-ընդգծեց փաստաբանը։

Նա նաև հիշեցրեց, որ Ռոբերտ Քոչարյանը հինգ ամիս ազատության մեջ է եղել, բայց ոչ մի փաստ չկա, որ նա խոչընդոտել է դատարանին կամ խուսափել է։ Այդպիսով ոչ մի նախապայման չկա նրա՝ կալանքի տակ պահելու համար։ Որպես օրինակ Ալումյանը նշեց, որ չնայած զննման համար Գերմանիա գնալու խիստ անհրաժեշտությանը՝ Ռոբերտ Քոչարյանը քննությանը տեղեկացրել է, և, մերժողական պատասխան ստանալով, վերադարձրել է տոմսը և չի գնացել։

Փաստաբան Արամ Օրբելյանը միացավ գործընկերոջ հայտարարությանը։ «Ճնշումը պարբերաբար արվում և ճշտվում է՝ կախված իրավիճակից»,-նշեց փաստաբանը։

Դատախազները հանդես եկան միջնորդության բավարարման դեմ:

Հիշեցնենք, որ այսօր դատարանը մերժեց ՍԴ որոշման հիման վրա Քոչարյանին ազատ արձակելու միջնորդությունը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ