2020թ. մայիսի 11-ին ԱԺ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ իր ծառայողական պարտականությունները կատարելու պատճառով, 2020թ. ապրիլի 11-ին՝ժամը 17:10-ի սահմաններում, անհայտ անձն իր վրա է վարել հեծանիվը, որից հետո իր հասցեին հնչեցրել է բռնություն գործադրելու սպառնալիք:
ՀՀ Քննչական կոմիտեից կրագրողներին հայտնում են, որ 2020թ. մայիսի 13-ին ՀՀ ոստիկանություն Արաբկիրի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին և ընդունվել վարույթ: Քրեական գործով որոշում է կայացվել Նիկոլայ Բաղդասարյանին տուժող ճանաչելու մասին:
Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Էջմիածին քաղաքի բնակիչ է՝ ծնված 1980թ.: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
Իր հերթին դատախազությունը հայտնել էր, որ ձերբակալվածը «Հայկական արժեքների պաշտպանության կամք» հասարակական նախաձեռնության անդամ Արթուր Ալեքսանյանն է: Նրանք ակցիա են իրականացրել «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիայի վավերացման դեմ, որի ընթացքում, հանդիպելով ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին նրանից պահանջել են դեմ քվեարկել կոնվենցիայի վավերացմանը:
ԱԺ նիստի ավարտից հետո, Արթուր Ալեքսանյանը Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում հետապնդել է իշխանության ներկայացուցիչ հանդիսացող` ԱԺ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին, և պարզելով, որ վերջինս կողմ է քվեարկել կոնվենցիայի վավերացմանը, տվել է սեռական բնույթի հայհոյանքներ և սպառնացել հաշվեհարդար տեսնել նրա հետ: