Կառավարություն

Պատգամավորների հարցերին պատշաճ չենք պատասխանու՞մ. Նիկոլ Փաշինյան

Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը կառավարությանն էր դիմել «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ասաց, որ գործող օրենքով՝ ԱԺ պատգամավորն իրավունք ունի առաջարկություններով և տեղեկություններ ստանալու համար դիմել Գործադիրին, դրա համար նախատեսված է 21-օրյա ժամկետ: Նախագծի հեղինակը կարծում է, որ այստեղ անհամաչափություն կա Տեղեկատվության ազատության մասին օրենքի հետ: Այդ օրենքով պետական մարմինները պետք է հարցումներին պատասխանեն հնգօրյա ժամկետում, իսկ եթե չեն պատասխանում, պետք է ասեն՝ որքան ժամանակում կպատասխանեն: Պատգամավորը նշել է՝ նույն երաշխիքները պետք է լինեն իրենց դեպքում: Զեյնալյանը, սակայն, նշեց՝ այստեղ տարբերություն կա: Նա նաև այլընտրանքային տարբերակներ առաջարկեց. եթե կարևորը պատասխանի բովանդակությունն է, կարող է դիմել ոչ թե պատգամավորը, այլ նրա օգնականը, և իբրև քաղաքացի, վերոնշյալ օրենքով հնգօրյա ժամկետում պատասխան ստանալ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ պետք է հասկանալ՝ նման օրենսդրական նախաձեռնության պատճառն ի՞նչն է:

«Պատգամավորները բարդություն են ունենում, այսինքն՝ մենք պատշաճ չենք պատասխանո՞ւմ իրենց հարցերին, կամ ի՞նչ խնդիր կա: Պրոբլեմն ինչո՞ւմն է»,- հարց ուղղեց վարչապետը:

Զեյնալյանն ասաց, որ տպավորություն կա, թե 21-օրյա ժամկետում տեղեկատվություն ստանալու դեպքում պատգամավորները նվազ շահեկան դիրքերում են: Նա նաև հայտնեց՝ կա տարբերություն, թե ո՞վ է հարցմանը պատասխանում. եթե քաղաքացիների դեպքում դա վարչության պետն է, ապա պատգամավորի դեպքում նախարարն է:

Կառավարությունը որոշեց ձեռնպահ մնալ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ