fbpx
Խորհրդարան
09:00 09/12/2019

Պատգամավորներն առաջարկում են նոր հարկատեսակ սահմանել ճանապարհաշինական աշխատանքների համար

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Դալլաքյանը, Արտյոմ Ծառուկյանը, Արթուր Գրիգորյանը հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ։ Պատգամավորների ներկայացրած օրենսդրական փոփոխությունների փաթեթով նախատեսվում է վերացնել պարտադիր տեխնիկական զննությունը թե՛ դրա թերակատարման, թե՛ հնարավոր կոռուպցիոն գործարքների բացառման նպատակով:

Բացի դրանից՝ նախատեսվում է նվազեցնել Հարկային օրենսգրքով սահմանված բնապահպանական հարկի չափը ՀՀ-ում գրանցված ավտոտրանսպորտային միջոցների համար, դրա համար սահմանելով նոր դրույքաչափ՝ պայմանավորված ավտոտրանսպորտային միջոցի շարժիչային վառելիքի տեսակով, ինչը հիմնավորվում է նրանով, որ մթնոլորտային օդի աղտոտումը ուղղակիորեն փոխկապակցված է վառելիքի տեսակից: Այսպես բենզինով կամ գազով (այդ թվում՝ հեղուկ գազով) շահագործվող ավտոտրանսպորտային միջոցները էականորեն քիչ են աղտոտում շրջակա միջավայրը, քան դիզելային վառելիքով շահագործվողները, այդ իսկ պատճառով դրանց համար սահմանված են տարբեր դրույքաչափերի բնապահպանական հարկեր։

Միաժամանակ, նախագծերի փաթեթով նախատեսվել է նոր հարկատեսակի՝ Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) ցանկացած  ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար ճանապարհային հարկի նախատեսում, որի նպատակն է գանձված հարկերը ուղղել ճանապարհաշինական աշխատանքների բարելավմանը եւ ընդլայնմանը:

Ըստ հիմնավորման՝ սույն փոփոխությունների շնորհիվ մի կողմից կնվազի քաղաքացու հարկային եւ վճարային բեռը, մյուս կողմից կմեծանան ՀՀ բյուջե մուտքը, այսինքն տեղի կունենա առկա ֆինանսատնտեսական ռեսուրսների արդյունավետ կառավարում, որը փոխշահավետ է թե պետության, թե քաղաքացու համար:

Պատգամավորներն առաջարկում են փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում,  «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում, ինչպես նաեւ ուժը կորցրած ճանաչել Տեխնիկական արատորոշման միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման ծառայությունների մատուցման սակագների սահմանման եւ վերանայման մասին Հայաստանի Հանրապետության օրենքը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ