Խորհրդարան

Պատգամավորը դիմել է Շրջակա միջավայրի նախարարությանը

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Ազգային ժողովի համար արձակուրդային այս օրերին աշխատանքային այցով Արցախում էի, որտեղ կարևոր քննարկումներ ունեցա մի շարք հանդիպումների շրջանակներում (այդ մասին՝ առաջիկայում):

Մինչ այդ, այստեղ՝ Հայաստանում, իմ սիրելի մարզի՝ Գեղարքունիքի ձկնորսներն էին զայրացել, ու այս օրերին բազմաթիվ հեռախոսազանգեր եմ ստանում այդ դժգոհությունների մասով:

Ուզում եմ խնդիրը դիտարկել երկու կողմերից: Նախ անխուսափելի էր, որ մի օր Կառավարությունը պետք է սկսեր ձկնորսության ոլորտի կարգավորումը, և կարելի է ասել` նույնիսկ ուշացած քայլ է: Շատ ենք քննարկումներ արել, բայց գործնական քայլեր՝ ոչ: Մինչդեռ Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո պետք է հեղափոխություն լիներ նաև այս ոլորտում, և իրավապայմանագրային հարաբերությունների հաստատումը այլընտրանք չունի: Ինչու՞, որովհետև տարիներ շարունակ մեր ազգային հարստությունը անխնա որսացել են, իսկ շատ մարդիկ, այդ թվում և պաշտոնյաներ, ձկնորսներին օգտագործելով, մեծ բիզնեսներ են արել, իսկ ձկնորսն էլ ակամայից դարձել է որսագող: և որսագողությունը եղել է բոլորիս աչքի առջև, բոլորս օգտվել ենք ավարից, սիգ ենք համտեսել, հյուրասիրել և այլն:

Ընդ որում, կցանկանայի հատուկ ընդգծել, որ ձկնորսությունը այնքան էլ հեշտ կամ հաճելի զբաղմունք չէ, ինչպես կարող է թվալ. մարդիկ կեսգիշերից հետո քուն չունեն, մթնշաղին արդեն լճի վրա են, որպեսզի հնարավորություն ունենան ձուկ որսալ. աներևակայելի ցուրտ եղանակին (այո, այդ թվում և ամռան ամիսներին) կյանքի համար վտանգավոր այդ ճանապարհով նրանք իրենց և իրենց ընտանիքների կեցության հարցն են լուծում:

Ուզում եմ նաև այս ձևչափով տեղեկացնել, որ մի խումբ ձկնորսների հետ զրույցից հետո արձանագրեցի մի քանի խնդրահարույց հարցեր, որոնք պետք է տրամաբանական լուծում ստանան:

Ձկնորսները դժգոհում են, որ նոր պայմանագրով առաջարկվող ուռկանների չափերով ձկնորսություն իրականացնելիս անհնար է վերահսկել 500 գրամից քիչ քաշ ունեցող ձկների որսը: Հետևաբար ձկնորսները ակամայից դառնում են ապօրինություն գործողներ և անխուսափելիորեն պետք է պատասխանատվության ենթարկվեն: Կարծում եմ՝ անհրաժեշտ է ուռկանների չափի և որսացած ձկների քաշի հարցը վերանայել, որպեսզի և՛ ձկնորսները անգործ չմնան, և՛ բնությունը չտուժի:

Ձկնորսները դժգոհում են, որ սահմանվել է կոնկրետ վայր, որտեղից պետք է իրականացվի ամենօրյա որսը: Բայց տեխնիկապես անհնար է նույն հատվածից հարյուրավոր նավակների մուտքը լիճ՝ սկսած տարբեր գյուղերից այդ վայր հասնելու տեխնիկական, ֆինանսական խնդրից, վերջացրած՝ լճի վրա միմյանց խանգարելու անխուսափելի իրավիճակով: Կարծում եմ՝ պետք է հնարավորություն տալ մի քանի մուտքերով ձկնորսները ներս մտնեն և վերահսկել նաև այդ բոլոր մուտքերը:

Ձկնորսները պատրաստ են հաստատագրված գումար վճարել և որս անել. Պետք է այնպիսի մեխանիզմներ մշակվեն, որոնք հնարավորություն կտան հեշտացնելու Սևանի շուրջ գտնվող համայնքների բնակիչների համար օրինական ձկնորսությունը:

Ձկնորսները դժգոհ են, որ հոկտեմբերից պայմանագրերի ժամկետները ավարտվում են, և պայմանագրերը կվերակնքվեն 6 ամիս անց: Կարծում եմ՝ տեղեկության պակասն է այս հարցում դժգոհություն հարուցել, որը պետք է անհապաղ լրացվի: Քանի որ լճում ձկնորսության արգելքը պետք է գործի միայն ձվադրման փուլում, այլ ոչ՝ կամայական:

Ինչ քայլեր էլ, որ իրականացվեն, պետք է նվազագույն դժգոհություններ հարուցելով հասնենք խնդրի կարգավորմանը: Ձկնորսներն իրենք էլ են գիտակցում, որ տարիներ շարունակ ոչ մի կոպեկ հարկ չվճարելով՝ մեր բնական հարստությունը հանել, վաճառել են և պատրաստ են Սևանա լճում սիգի արդյունագործական որսի փորձարարական ծրագրով աշխատելու: Բայց, մյուս կողմից, էկոլոգիապես մաքուր Սևանի Սիգը այսօր բավականին մատչելի է և հասանելի սոցիալապես անապահով բոլոր խավերի համար: Ու եթե շատ կոշտ մեթոդներ կիրառվեն, Սիգի գինը կտրուկ կբարձրանա՝ հարուցելով հանրության առավել լայն շերտերի դժգոհությունը: Կարծում եմ՝ հնարավոր է գտնել միջին լուծումներ, որոնք հնարավորություն կտան անաշխատանք մնալու վտանգ զգացող ձկնորսներին՝ պահել իրենց ընտանիքները և միաժամանակ մեր ազգային հարստությունը կառավարելի օգտագործել, որ չունենանք տարիներ առաջ արձանագրված իրավիճակը, երբ Սիգը դարձել էր հազվագյուտ հանդիպող ձկնատեսակ:

Հ. Գ. Արդեն նշված բովանդակությամբ առաջարկները ուղարկել եմ ՀՀ շրջակա միջավայրի նախարարին, որի արձագանքը ստանալուն պես կհրապարակեմ»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ