Qantas ավստրալական ավիաընկերության ինքնաթիռը պատմության մեջ ամենաերկար անվայրէջք թռիչքն է կատարել՝ օդում անցկացնելով 19 ժամ 19 րոպե: Այս մասին տեղեկացնում են ավիաընկերությունից։
Նախորդ ռեկորդը Qantas-ը սահմանել էր հոկտեմբերին։ Այդ ժամանակ Boeing 787-9 ինքնաթիռը, որն առաջին անգամ անվայրէջք ավիաչվերթ էր կատարել Նյու Յորքից Սիդնեյ, օդում անցկացրել էր 19 ժամ 16 րոպե:
Boeing 787 Dreamliner ինքնաթիռը մեկնել է բրիտանական «Հոթրոու»-ից, անցել 10 երկրի՝ Մեծ Բրիտանիայի, Նիդեռլանդների, Գերմանիայի, Լեհաստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի, Չինաստանի, Ֆիլիպինների և Ինդոնեզիայի տարածքների վրայով և նոյեմբերի 15-ին վայրէջք կատարել Սիդնեյում:
Սա ընկերության կողմից պլանավորված երեք հետազոտական թռիչքներից երկրորդն է, որոնք նպատակ ունեն ուսումնասիրելու անձնակազմի և ուղևորների վիճակը գերհեռավոր չվերթների ընթացքում: Նշվում է, որ ուղիղ թռիչքը թույլ է տալիս խնայել մոտավորապես երկու ժամ, որն ուղևորները հարկադրված են ծախսել այժմյան մեկ կանգառով թռիչքներ իրականացնելու դեպքում:

