fbpx
Քաղաքականություն

Մենք պատրաստ ենք իրագործել Հայկական խաչմերուկի մեր տեսլականը. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը:

«Թուրքիան հայտարարեց օդային բեռնափոխադրումների արգելքը վերացնելու մասին: Պետք է ասեմ, որ դա համարում եմ ողջունելի քայլ այն առումով, որ կարևոր է, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում ոչ միայն բանակցություններ տեղի ունենան, այլև իրադարձություններ, որոնք կապահովեն դինամիկան այդ բանակցություններում: Սա շատ կարևոր է հատուկ ներկայացուցիչների աշխատանքի համար»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ առաջիկայում նաև երրորդ երկրների քաղաքացիների դեպքում դիվանագիտական անձնագիր ունեցողների համար կբացվի սահմանը:

«Այս իրադարձությունները կարևոր են ոչ միայն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների առումով. միջազգային լոգիստիկ շղթաների շատ լուրջ փոփոխություն է տեղի ունենում, և կարծում եմ, որ այս տարածաշրջանը միջազգային բեռնափոխադրումների առումով շատ ավելի հետաքրքիր է դառնում, քան նախկինում, և միջազգային մեծ կարևորություն է ձեռք բերում: Այս իմաստով, իհարկե, Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացումը և հայ-թուրքական երկաթուղու բացումը շատ ավելի գլոբալ նշանակություն են ստանում, և ես հույս ունեմ, որ մենք հնարավորություն կունենանք շարժվելու այս ճանապարհով:

Եվս մեկ անգամ պետք է արձանագրեմ նաև պատրաստակամությունը Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի- Հորադիս երկաթուղին վերականգնելու վերաբերյալ: Հայաստանի տարածքով ավտոբեռնափոխադրումների և ավտոճանապարհների բացումով, արևելք-արևմուտք ուղղություններով նաև նոր ճանապարհների կառուցումով էլ ենք հետաքրքրված և շահագրգռված:

Անկեղծ ասեմ, որ միակ բանը, որն այս ամենին խանգարում է, Ադրբեջանի շարունակական խոսույթն է ինչ-որ միջանցքների մասին: Մենք պատրաստ ենք իրագործել Հայկական խաչմերուկի մեր տեսլականը»,- ասաց վարչապետը:

Անդրադառնալով ֆուտբոլային խաղերին, նա նշեց, որ դա կախված է ընդհանուր իրավիճակից և երկու կողմերի քաղաքական կամքից: «Մենք կարծում ենք, որ կարելի է օգտագործել հարաբերությունների կարգավորման այն դրական հնարավորությունները, որոնք կստեղծվեն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ