Իրավական

Հունվար-հուլիս ամիսներին ՊԵԿ հետաքննության արդյունքում պետբյուջե է վերականգնվել 1,640 մլրդ դրամ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Հունվար-հուլիս ամիսներին ՊԵԿ հետաքննության արդյունքում պետբյուջե է վերականգնվել 1,640 մլրդ դրամ:

«ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանն օգոստոսի 7-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում ներկայացրել է 2020 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում հարկային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների բացահայտմանն ուղղված ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրականացրած միջոցառումների արդյունքները:

Պետական եկամուտների կոմիտեն, կարևորելով տնտեսական անվտանգության ապահովման առաջնահերթությունը, շարունակել է հետևողական քայլերը հարկային իրավախախտումների կանխման, խափանման, ինչպես նաև տնտեսական հանցագործությունների բացահայտման և դրանց հետևանքով պետությանը պատճառված վնասի վերականգնման ուղղությամբ։ Վահան Չարխիֆալակյանի խոսքով՝ ըստ անհրաժեշտության, կազմակերպվել և իրականացվել են լայնածավալ միջոցառումներ՝ հարկերի պակաս հաշվարկման դեպքերը բացահայտելու և, ընդհանրապես, հարկ վճարողների գործունեության օրինականության նկատմամբ հսկողության ապահովման ուղղությամբ։ «Պարբերաբար ուսումնասիրելով զարգացող բիզնես գործընթացների յուրահատկությունները, ըստ ոլորտային բաժանման մշակվել, ներդրվել և կիրառվել են ռիսկային գործարքների, ստվերային շրջանառության և ընդհանրապես հարկային իրավախախտումների բացահայտմանն ուղղված նոր մոտեցումներ: Իրականացված հսկողական աշխատանքներում հատկապես կարևորվել են ստվերային տնտեսության բացահայտմանն ու նվազեցմանն ուղղված քայլերը, որպես հետևանք արձանագրվել են շոշափելի արդյունքներ»,-ընդգծել է ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետը: Վարչարարական գործիքների կիրառմանը զուգահեռ, քայլեր են ձեռնարկվել հարկային մարմին-հարկ վճարող հարաբերություններում փոխվստահության ամրապնդման ուղղությամբ, արդյունքում բազմաթիվ հարկ վճարողներ ինքնակամ շտկել են թաքցված իրացման շրջանառության ծավալները։

Վահան Չարխիֆալակյանի տեղեկացմամբ՝ համավարակի ազդեցության պայմաններում վարչության հսկողական աշխատանքները հիմնականում ուղղված են եղել ստեղծված պայմանների շահարկմամբ անբարեխիղճ վարքագիծ դրսևորող տնտեսվարողների նկատմամբ: Կայուն բիզնես միջավայր և առողջ մրցակցություն ապահովելու նպատակով լայնածավալ միջոցառումներ են կազմակերպվել հարկերի վճարումից խուսափելու, կեղծ կամ կանխամտածված սնանկության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ինչպես նաև տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցավոր այլ դրսևորումներով դեպքերը հայտնաբերելու և բացահայտելու ուղղությամբ։ Ապրանքաշրջանառության փաստաթղթավորման պարտադիր պահանջի պահպանման նկատմամբ հետևողական հսկողությունը հանգեցրել է համախառն եկամտի, հետևաբար նաև լրացուցիչ հարկերի ավելացմանը։ Ուսումնասիրվել, մշակվել և առանձնացվել են տնտեսական գործունեության առանձին ռիսկային բնագավառներ, որոնց ուղղությամբ ձեռնարկվել են հսկողական աշխատանքներ։

Բազմաթիվ դեպքերով հարկային մարմին են ներկայացվել ճշգրտված հաշվարկներ, և պետական բյուջե են վճարվել թաքցված հարկերի գումարները։ Զգալի աշխատանքներ են կատարվել ԵԱՏՄ անդամ պետություններից գնված և ՀՀ տեղափոխված ապրանքների գների, ինչպես նաև ՀՀ-ում դրանց իրացման գների արժանահավատությունը պարզելու ուղղությամբ:

Կատարված աշխատանքներ
Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության կողմից 2020թ. հունվար-հուլիս ամիսների ընթացքում ձեռնարկվել և իրականացվել է օպերատիվ-հետախուզական 1750 միջոցառում: Արդյունքում 731 խախտման դեպքով արձանագրվել է ընդհանուր 2.775 մլրդ դրամի չափով պետական բյուջե վճարման ենթակա լրացուցիչ հարկային պարտավորություն։ 2019թ․ համադրելի ժամանակահատվածում օպերատիվ-հետախուզական 1450 միջոցառմամբ արձանագրվել է խախտման 567 դեպք, որոնցով լրացուցիչ վճարման ենթակա հարկային պարտավորությունների չափը կազմել է 431 մլն դրամ։

Ըստ Վահան Չարխիֆալակյանի` 2019-ի համեմատությամբ 2020 թվականի ընթացքում ավելացել են ոչ միայն ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների քանակը, այլ նաև դրանց արդյունքում պետական բյուջե վճարման ենթակա հարկային պարտավորությունների չափը. «2019 թվականին պետական բյուջե վճարման ենթակա հարկային պարտավորությունների ընդհանուր գումարը կազմել է 431 մլն դրամ, մինչդեռ 2020թ. նույն ժամանակահատվածում` կազմել է 2.775 մլրդ դրամ»:

2020թ. հունվար-հուլիս ամիսների ընթացքում առանց հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքերի բացահայտմանն ուղղված միջոցառումների ընթացքում արձանագրվել է 530 խախտում․ առաջադրված տուգանքի գումարը կազմել է մոտ 943.6 մլն դրամ: Ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու դեպքերի բացահայտման նպատակով ձեռնարկվել է օպերատիվ-հետախուզական 166 միջոցառում, ինչի արդյունքում, Հարկային օրենսգրքի 407-րդ հոդվածով սահմանված պահանջների համաձայն, առաջադրված տուգանքի գումարը կազմել է 93.6 մլն դրամ: 35 դեպքով արձանագրվել է Հարկային օրենսգրքի 408-րդ հոդվածի խախտում, այն է՝ լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելը կամ բնական պաշարներն օգտագործելը, որոնց արդյունքում առաջադրված հարկային պարտավորությունների ընդհանուր գումարը կազմել է մոտ 1.718 մլրդ ՀՀ դրամ:

Արգելված գործունեությամբ զբաղվելու դեպքերի բացահայտման ուղղությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել, որ ֆիզիկական անձինք, խախտելով ՀՀ հողային օրենսգրքի 11-րդ գլխի 36-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջները, իրականացրել են հողի բերրի շերտի ապօրինի դուրսբերում և վաճառք: Հարկային օրենսգրքի 409-րդ հոդվածի պահանջների համաձայն առաջադրված տուգանքի գումարը կազմել է 20 մլն դրամ:

Իսկ 2019թ. հունվար-հուլիս ամիսների ընթացքում առանց հաշվարկային փաստաթղթերի ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքերի բացահայտմանն ուղղված միջոցառումների ընթացքում արձանագրվել է իրավախախտման 361 դեպք. առաջադրված տուգանքը կազմել է 306 մլն դրամ։ Ապօրինի ձեռնարկատիրական գործունեության բացահայտման նպատակով իրականացվել է օպերատիվ-հետախուզական 89 միջոցառում: Հարկային օրենսգրքի 407-րդ հոդվածով սահմանված պահանջների համաձայն առաջադրված տուգանքը կազմել է 47.9 մլն դրամ։ Լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելու կամ բնական պաշարներն օգտագործելու դեպքերի վերաբերյալ կազմվել է 35 արձանագրություն, արդյունքում լրացուցիչ վճարման ենթակա հարկային պարտավորության չափը կազմել է 21.5 մլն դրամ:

2019թ. 7 ամիսների ընթացքում 48 դեպքով, իսկ 2020թ. նույն ժամանակահատվածում 89 դեպքով հայտնաբերվել են տնտեսական գործունեության դեմ ուղղված հարկային բնույթի հանցագործության դեպքեր, որոնց հիման վրա նախապատրաստվել են նյութեր:

2020թ. հունվար-հուլիս ամիսների ընթացքում իրացման շրջանառության իրական ծավալների և իրացվող ապրանքների գների ճշտման ուղղությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական 138 միջոցառման արդյունքում բացահայտվել է շուրջ 2.5 մլրդ դրամ ստվերային շրջանառություն, իսկ որպես հետևանք՝ հաշվարկված հարկերն ավելացել են շուրջ 227.1 մլն դրամով։ Իսկ 2019թ. հունվար-հուլիս ամիսների ընթացքում իրականացված 16 միջոցառման արդյունքում հարկ վճարողների կողմից ներկայացվել են ճշտված հաշվարկ-հաշվետվություններ և իրացման շրջանառությունն ավելացել է շուրջ 381.7 մլն դրամով, հաշվարկված լրացուցիչ հարկային պարտավորությունների գումարը կազմել է 82.4 մլն դրամ։

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետի դիտարկմամբ՝ ներկայացված տվյալները միանշանակ վկայում են ստվերային տնտեսության բացահայտման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունավետության բարձրացման մասին։

Օպերատիվ ստորաբաժանման կողմից իրականացվել են նաև միջոցառումներ պակաս հարկեր վճարելու նպատակով ընդհանուր տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործունեություն իրականացնող սուբյեկտների նկատմամբ, որոնց արդյունքում 41 դեպքով հիմնավորվել է, որ 100 հարկ վճարող գործունեություն են իրականացրել միմյանց հետ փոխհամաձայնեցված։ Նրանք ՊԵԿ նախագահի որոշումներով ճանաչվել են փոխկապակցված: Իսկ 2019թ.-ի հունվար-հուլիս ամիսներին ընդհանուր տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործելու սկզբունքով 15 դեպքով 38 հարկ վճարող է ճանաչվել փոխկապակցված:

2020թ․ յոթ ամիսների ընթացքում ՊԵԿ հետաքննության մարմիններում հարուցվել է 285 քրեական գործ, դրանցով պետությանը պատճառված վնասը կազմել է 13.7 մլդ դրամ։ 143 դեպքը վերաբերում է հարկերը վճարելուց խուսափելուն, 36 դեպքով քրեական գործերը հարուցվել են կանխամտածված անվճարունակության հատկանիշներ ստեղծելու առիթով, իսկ ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու և պետությանը վնաս պատճառելու վերաբերյալ հարուցվել է 14 քրեական գործ, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության դեպքով հարուցվել է 83 քրեական գործ։ Իսկ 2019թ. նույն ժամանակահատվածում ընդհանուր առմամբ հարուցվել է 175 քրեական գործ, որոնցով հաշվարկված վնասը կազմել է շուրջ 11.9 մլրդ դրամ։ «Թեև թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության 83 դեպքով նյութերը նախապատրասատվել, և քրեական գործերը հարուցվել են հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից, սակայն մաքսանենգության դեպքերը բացահայտվել և մաքսային կանոնների խախտման արձանագրությունները կազմվել են ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների, ինչպես նաև մաքսային զննում իրականացնելու իրավասություն ունեցող մաքսային այլ ծառայողների կողմից»,-ընդգծել է Վահան Չարխիֆալակյանը։

2020թ. յոթ ամիսների ընթացքում ՊԵԿ հետաքննության ստորաբաժանումների կողմից իրականացված աշխատանքների արդյունքում պետական բյուջե է վերականգնվել 1.640 մլրդ դրամ, իսկ 2019թ. նույն ցուցանիշը կազմել էր 1.413 մլրդ դրամ»,-ասվում է գրառման մեջ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ