Օրերս պետական եկամուտների կոմիտեի և հետաքննության օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները բացահայտել են, որ բեռնատար ավտոմեքենայով, առանց մաքսային ձևակերպման, Վրաստանից Հայաստան մեծ քանակությամբ ավտոմեքենայի շարժիչի յուղի է ներմուծում։ Ստացված տվյալների հիման վրա ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները մշակել և ձեռնարկել են լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Միջոցառումների ընթացքում քաղաքացի Ա․Տ.-ի վարած բեռնատար ավտոմեքենան, գտնվել է օպերատիվ վերահսկողության ներքո։ Մեքենան փետրվարի 26-ին մուտք է գործել ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի տարածք և ենթարկվել է կշռման ու կայանվել մաքսային հսկողության գոտում։
Երեք օր անց բեռնատարի վարորդն, առանց մաքսային ձևակերպումներ ստանալու, անարգել դուրս է եկել մաքսային կետ-բաժնի տարածքից և ուղևորվել Տավուշի մարզի Այրում քաղաք, որտեղ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզական վարչության աշխատակիցների կողմից մեքենայի շարժը կանգնեցվել է։
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով։ Ավտոմեքենայի բեռնախցիկի խուզարկության արդյունքում հայտնաբերվել է մոտ 12 տոննա շարժիչային և կոմպրեսորային յուղ նաև 130 անվանում դեղամիջոց։ Բեռնատարը և ապրանքներն առգրավվել են։ Այժմ ձեռնարկվում են միջոցներ հանցավոր շղթայում ներգրավված անձանց շրջանակը բացահայտելու համար։ Պետությանը պատճառված վնասի վերջնական չափը հստակեցված չէ։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին