fbpx
Իրավական

ՊԵԿ-ն ամփոփել է հարկաին ոլորտի 2020 թվականի գործունեությունը 

ՊԵԿ ՀԱՐԿԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ԴԻՏԱՐԿՄԱՆ ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ԿԱՐԵՆ ԹԱՄԱԶՅԱՆԻ ԱՌՑԱՆՑ ԱՍՈՒԼԻՍԸ

ՊԵԿ հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության պետ Կարեն Թամազյանը հունվարի 25-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում ներկայացրել է հարկային ոլորտի 2020 թվականի ընթացքում կատարված աշխատանքները և հիմնական ցուցանիշները: ՀՀ պետական բյուջեի մասին օրենքով ի սկզբանե 2020թ. ծրագրային ցուցանիշը նախատեսված էր 1 տրիլիոն 607 մլրդ դրամ, սակայն կորոնավիրուսային համավարակով պայմանավորված 2020թ. վերջին ամիսներին այն ճշգրտվել և կազմել էր` 1 տրիլիոն 326 մլրդ դրամ, իսկ փաստացի կատարողականը կազմել է 1 տրիլիոն 385 մլրդ դրամ, այսինքն՝ ճշգրտված ծրագրային ցուցանիշի նկատմամբ` գերակատարվել է շուրջ 59 մլրդ դրամով:

Ըստ Կարեն Թամազյանի, չնայած առանձին ամիսներին կորոնավիրուսային համավարակով պայմանավորված եկամուտ ապահոված աշխատատեղերի անկմանը` տարեկան կտրվածքով 2020թ. հարկման ենթակա եկամուտներ ապահոված աշխատատեղերը կազմել են միջին ամսական 609 հազար, որը 2019թ. նույն ամսվա համեմատ ավելի է շուրջ 1.2 %-ով (7 հազարով): Հիմնական աճը գրանցվել է մանրամեծածախ առևտրի, շինարարության, հանքարդյունաբերության, ինչպես նաև տեղեկատվական և կապի ոլորտներում: 2020թ. նախորդ տարվա համեմատությամբ նվազել են ինչպես դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի, այնպես էլ դրանցով արտացոլված իրացման շրջանառությունները: Մասնավորապես՝ 2020թ. դուրս է գրվել շուրջ 453 մլն հաշվարկային փաստաթուղթ, և դրանցով արտացոլված շրջանառությունը կազմել է շուրջ 6,4 տրլն դրամ: 2019թ. համեմատությամբ հաշվարկային փաստաթղթերի քանակը նվազել է 0.5 %-ով, իսկ շրջանառությունը՝ 1.5 %-ով: Ըստ ամիսների ցուցանիշների վերլուծությունը ցույց է տալիս, որ իրացման շրջանառությունների անկման հիմնական պատճառն են հանդիսացել 2020թ. մարտից ՀՀ-ում ակտիվացած կորոնավիրուսային համավարակը և հետագա իրադարձությունները, քանի որ 2020թ. հունվար-փետրվար ամիսներին` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ հաշվարկային փաստաթղթերի քանակն աճել էր 34 %-ով, իսկ շրջանառությունը՝ 19.5 %-ով: «Խիստ հսկողության արդյունքում` 2020թ.՝ նախորդ տարվա համեմատությամբ աճել է թեմատիկ ստուգումների քանակը՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը 20 %-ով: Հատկանշական է, որ 2019թ. համեմատությամբ մեկ տեսուչին բաժին ընկնող ընթացիկ հսկողական միջոցառումների քանակով 2020թ. ծանրաբեռնվածությունն աճել է շուրջ 20 %-ով: Հարկային հաշվարկներում առկա խախտումների վերացման ուղղությամբ իրականացվող վերլուծությունների շրջանակում 2020թ.՝ նախորդ տարվա համեմատությամբ հարկ վճարողների կողմից ներկայացված ճշտված հարկային հաշվարկներով լրացուցիչ առաջացած գումարներն աճել են 26 %-ով՝ կազմելով շուրջ 12 մլրդ դրամ»,-նշել է Կարեն Թամազյանը:

ՊԵԿ-ն ակտիվ մասնացել է կառավարության հաստատած կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման 25 միջոցառումների իրագործմանը: Հարկային մարմինն անմիջականորեն պատասխանատու է եղել 5 միջոցառման կատարման համար, որոնց շրջանակում ավելի քան 25 հազար տնտեսվարող սուբյեկտի վճարվել է շուրջ 9 մլրդ դրամի աջակցության գումար:
Անդրադառնալով 2021 թվականի ռիսկային համարվող թիրախային ուղղություններին՝ Կարեն Թամազյանն ընդգծել է, որ աշխատանքները շարունակվելու են հարկային իրավախախտումների բացահայտման, հարկային ստվերի կրճատման, ինչպես նաև փաստաթղթավորման ապահովման ուղղությամբ: Առավել թիրախային են լինելու ՀԴՄ կտրոնների չտրամադրման, ինչպես նաև չգրանցված աշխատողների բացահայտման, ինչպես նաև հին սերնդի ՀԴՄ-ներ կիրառող հարկ վճարողների նկատմամբ հսկողությունը, որոնք դեռևս 2019թ. հունվարի 1-ից ՀՀ օրենսդրության համաձայն պարտավոր էին կիրառել նոր սերնդի ՀԴՄ-ներ: Ուշադրության կենտրոնում են լինելու նաև հարկման հատուկ համակարգում գործունեություն իրականացնող սուբյեկտների իրական իրացման շրջանառությունները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ