fbpx
Տնտեսություն

ՊԵԿ-ը հրապարակել է 2018 թվականի խոշոր հարկատուների ցուցակը

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2018թ. 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները: Այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ պաշտոնական կայքից։

Ըստ այդ ցուցանիշների՝ հարկատուների ցանկը գլխավորում է «Գրանդ Հոլդինգը»։ Այն կտրուկ ավելացրել է իր հարկային մուտքերը․ 2017 թվականին վճարել է շուրջ 34,7 մլրդ դրամ, 2018-ին՝ 42,2 մլրդ դրամ, վճարված հարկերի աճը կազմել է շուրջ 22 տոկոս: Հատկանշական է, որ «Գրանդ Տոբակոն» 2017-ին 2016-ի համեմատ արդեն իսկ 53 տոկոսով ավելացրել էր հարկերը:

Երկրորդ հորիզոնականում  «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է, որը 2018-ին վճարել է 41 մլրդ դրամի հարկ: Այս ընկերությունը 2017-ին (5-րդ հորիզոնական) վճարել էր ընդամենը 18,7 մլրդ դրամի հարկ, այսինքն հարկերը կրկնակիից ավելի աճել են:

Երկար տարիներ առաջին հորիզոնականը զբաղեցնող «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը զիջել է դիրքը եւ զբաղեցրել երրորդ հորիզոնականը: 2018-ին այս ընկերությունը վճարել է շուրջ 40 մլրդ դրամի հարկ:

Խոշոր հարկ վճարողների ցանկում 4-րդ հորիզոնականը զբաղեցրել է հեղուկ վառելանյութի շուկայում գործող «ՍիՓիԷս Օյլ Քորփորեյշնը», որը վճարել է 18,4 մլրդ դրամի հարկ՝ 2017-ի համեմատ իր հարկերն ավելացնելով 5,8 մլրդ դրամով:

5-րդ հորիզոնականում է «Գոեպրոմայնինգ Գոլդ»-ը, որը վճարել է 16,8 մլրդ դրամի հարկ, 2017-ի համեմատ հարկերն ավելացել են 3,4 մլրդ դրամով:

Հետաքրքրական է, որ ըստ ՊԵԿ-ի հրապարակած ցուցանիշերի՝ Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Հոլդինգը» 2018 թվականին կտրուկ նվազեցրել է իր հարկային մուտքերը․ եթե 2017 թվականին վճարել էր 21,5 մլրդ դրամի հարկ՝ զբաղեցնելով չորրորդ հորիզոնականը, ապա 2018-ին ընդամենը 16,2 մլրդ դրամի հարկ: Տարբերությունը կազմել է 5,3 մլրդ դրամ (24,6 տոկոս)։

Բազմաթիվ ընկերություններ ավելացրել են հարկային մուտքերը:

Խոշոր հարկ վճարողների ցանկում 7-րդ հորիզոնականում է «JTI Արմենիա» ընկերությունը, որը ևս ավելացրել է հարկային մուտքերը:

8-րդ հորիզոնականում «Ֆիլիպ Մորիս Արմենիան» է, որը 2018-ին վճարել է 13,6 մլրդ դրամի հարկ:

9-րդ հորիզոնականում է «Ինթերնեշնլ Մասիս Տաբակ»-ն է, որը 2018-ին վճարել է 13,1 մլրդ դրամի հարկ, 2017-ի համեմատ շատ մեծ փոփոխություն չի կրել:

Իսկ արդեն տասներորդ տեղում է «Ֆլեշ»-ը, որը 2018-ին վճարել է 12,25 մլրդ դրամ, 2017-ի համեմատ հարկային մուտքերը նվազել են մոտ 200 մլն դրամով:

Ընդհանուր առմամբ՝ տասը խոշոր հարկատուների կողմից 2018 թվականին վճարվել է 227,6 մլրդ դրամ․ սա 2017-ին համանման ցուցանիշից (198.8 մլրդ) ավել է 14,5 տոկոսով:

1000 խոշոր հարկատուների վճարած հարկերի ընդհանուր ծավալը 2018-ին կազմել է 926,7 մլրդ դրամ։ Նախորդ տարի այդ ցուցանիշը եղել է 807.4 մլրդ դրամ․ ըստ էության՝ հարկային պարտավորություններն ավելացել են 119,3 մլրդ դրամով կամ 14,8 տոկոսով:

Աղբյուր՝ http://www.armtimes.com

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ