ԱՄՆ պաշտպանության նախարարությունը մտադիր է Թուրքիան վերջնականապես հանել ամերիկյան նորագույն F-35 կործանիչ-ռմբակոծիչների ստեղծման ծրագրից: Պատճառը ռուսական S-400 զենիթահրթիռային համալիրների գնումն է Թուրքիայի կողմից։ Այս մասին ուրբաթ լրագրողներին ասել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար Փաթրիկ Շենահենը։
Շենահենը տեղեկացրել է, որ հանդիպելու են ամերիկյան Lockheed Martin ռազմարդյունաբերական կորպորացիայի և United Technologies ընկերության ղեկավարության հետ` քննարկելու Թուրքիան F-35-ի հետագա ծրագրից բացառելու հարցը։
«Եթե մենք չենք կարող գտնել ստեղծված իրավիճակի ելքը, ապա մենք պետք է իրականացնենք մեր պլանները` դրանք առաջ մղելու տեսակետից»,- պարզաբանել է նա։
Նախարարի պաշտոնակատարը նաև ընդգծել է, որ իրեն հարկավոր են պլաններ, որոնց ձախողման վտանգը գրեթե զրո է, որ F-35-ներն անխափան հասնեն մյուս պատվիրատուներին։
Նրա խոսքով՝ կորպորացիայի ղեկավարի հետ հանդիպումը ցույց է տվել, թե որտեղ է ռիսկն ավելի մեծ։ Հիմա նա հայտարարել է այդ ռիսկը նվազեցնելու որոշում ընդունելու անհրաժեշտության մասին։
«Բայց և միևնույն ժամանակ մենք բանակցություններ ենք վարում Թուրքիայի հետ»,- հավելել է Շենահենը։
Նա նաև հիշեցրել է, որ Թուրքիան «մնում է ԱՄՆ ռազմավարական գործընկերը»։ Նրա կարծիքով՝ այժմ երկրների միջև հարաբերություններն ավելի լավ են, քան մի քանի ամիս առաջ։ Շենահենը պարզաբանել է, որ ռուսական S-400-ների և ամերիկյան F-35-ների միաժամանակյա օգտագործումը տեխնիկապես անհնար է և Ռուսաստանից ԶՀՀ-ներ գնելը կհանգեցնի Թուրքիան F-35-ի ծրագրից բացառելուն։
