fbpx
Էկո

Պերուի անտառներում հայտնաբերվել է թափանցիկ գորտերի նոր տեսակ

Հետազոտողները Պերուի ճահճոտ անտառներում հայտնաբերել են թափանցիկ երկկենցաղների նոր եւ անսովոր տեսակ։

Հետազոտության համաձայն, որը վերջերս հրապարակվել է Evolutionary Systematics ամսագրում, երկկենցաղը պատկանում է ապակե գորտերի տեսակին, այսինքն՝ նրա մարմնի մի մասը թափանցիկ է, ինչը տեսանելի է դարձնում ներքին օրգանների մի մասը։

Հետազոտողները հայտնաբերել են այդ տեսակի երկու առանձնյակ, երբ 2019թ. գետով ճամփորդում էին Անդերում։

Նրանք այդ կենդանիներին նկատել են անձրեւի տակ տերեւներին նստած, գորտերը գերհաճախական ձայներ էին արձակում։

Գորտերին բռնել են, ենթարկել էվթանազիայի եւ հասցրել լաբորատորիա՝ հետագա ուսումնասիրման համար։ Մանրակրկիտ ուսումնասիրությունից եւ մոլեկուլյար վերլուծությունից հետո պարզվել է, որ գորտերը պատկանում են մինչ այդ անհայտ տեսակի։

Այն անվանվել է Chimerella mira՝ լատիներեն բառից, որը նշանակում է «զարմանալի», քանի որ առաջին դիտարկման ժամանակ հետազոտողները գորտերին շփոթել են այլ տեսակների հետ։

Chimerella-ն երրորդ հայտնի տեսակն է, ունի դեղնականաչավուն գույն եւ աչքերի զարմանալի երանգ ու յուրատեսակ ամուսնական ազդականչ։

Chimerella mira-ի արծաթավուն-սպիտակ ակնաթաղանթը նրան տարբերում է ցեղակից գորտերից, նշել են Պերուի եւ Գերմանիայի ինստիտուտների հետազոտողները։

«Չնայած այս տարբերությունները կարող են շատ փոքր թվալ, ակնաթաղանթի երանգը հուսալի նշան է գորտերի տեսակները տարբերելու համար»,- ասում են հետազոտողները։

Նոր հայտնաբերված գորտը հատուկ ամուսնական ազդականչ է արձակում՝ բաղկացած իմպուլսիվ նոտաներից։

Chimerella mira-ի մասին շատ բան՝ պոպուլյացիայի չափը, կեցության տարածքը, վերարտադրողական սովորությունները, դեռեւս անհայտ են։

«Մեր արդյունքները վկայում են գալիք հետազոտությունների անհրաժեշտության մասին, հատկապես Պերուում, որտեղ դրանք անբավարար են ուսումնասիրված»,- ասել են հետազոտողները։

Հայտնի է ապակե գորտերի 163 տեսակ՝ առանձնացված 12 խմբերում։

Գորտերը կարող են միացնել եւ անջատել իրենց թափանցիկությունը եւ սովորաբար այն օգտագործում են որպես կամուֆլյաժ, նշվել է հետազոտությունում, որը 2022թ.հրապարակվել է Science ամսագրում։

Մասամբ թափանցիկ դառնալու համար նրանք թաքցնում են իրենց արյան բջիջների մեծ մասը՝ դրանք փաթեթավորելով լյարդում, նշվել է հետազոտությունում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ