Կարևոր ժամանակահատված ենք ապրում, և գործարար հարաբերություններում այլևս չկան այնպիսի խոչընդոտներ, որոնք կարող են առաջանալ պետական համակարգի կամ տարբեր կառույցների միջամտության հետևանքով: Այս մասին այսօր Վանաձորում ընթացող «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային-բիզնես ծրագրերի համաժողովին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։
«Համապատասխանաբար, ազատ մրցակցային դաշտը, շուկաներ մուտքի ազատությունը պետք է լինեն այն հիմնական գործոնները, որոնք առաջնորդում են յուրաքանչյուր գործարար որոշում կայացնելիս: Ամենևին այնպես չէ, որ Հայաստանում բոլոր կարգավորումները պարզ են այնքան, որ որևէ մեկն իր գործունեությունը սկսելու ընթացքում վստահ լինի, որ այդ վարչարարական կարգավորումները դժվարություններ չեն ստեղծելու իր գործունեության ընթացում, բայց կարող է լինել վստահ, որ երբ դրանք նկատվում են, դրանց կարգավորումներ են տրվում»,-ասաց նախարարը և վստահեցրեց, որ նախարարության բոլոր աշխատակիցները պատրաստ են արձագանքել ոլորտի ցանկացած հարցի:
Տիգրան Խաչատրյանը տեղեկացրեց, որ կան այնպիսի կարգավորումներ, որոնք նոր ստեղծող ձեռնարկություններին կարող են աջակցել սկիզբը հաջողությամբ առաջ տանելու համար․
«Դրանք պայմանավորված են հատկապես բիզնես ներդրումների ժամանակ առաջացող հարկային պարտավորությունների հետաձգման կամ դրանց մի մասից ազատվելու հնարավորության հետ»,-ասաց նախարարը: