ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Facebook-ի ուղիղ եթերում հայտնել է, որ սահմանված կանոնները համատարած չպահպանելու խնդիրը դուրս է եկել կորոնավիրուսի շրջանակից. պետք է հանրային վարքագիծը փորձենք հասկանալ այլ տեսակետից և այլ տրամաբանությամբ:
«Այսօր ես փողոցում տեսնում էի առանց դիմակի քայլող մարդկանց. քանի որ այցելել եմ նախորդ օրերին Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում, այսօր այնպիսի զգացողություն էր, որ այդ մարդիկ քայլում են դեպի վերակենդանացման բաժանմունք: Ուզում էի կագնել, իջնել ասել՝ հարգելիս, ո՞ւր ես գնում: Ուզում էի ասեի՝ կանգ առեք, ժողովուրդ ջան: Սենց մենք գնում ենք շատ վատ տեղ:
Ես եթեր եմ մտել, որ ասեմ, որ սա արդեն ոչ թե կորոնավիրուսի հետ կապված հարց է, այլ պետք է այս խնդիրը հասկանանք մեր հանրային, գուցե ազգային հոգեբանական շերտերի մեջ: Ես եկել եմ այն հետության, վարկածի, գուցե դուք հերքեք, ասեք այլ պատճառ կա, բայց իմ վարկածը հետևյալն է, որ այս ամենը մեր հավաքական վերաբերմունքն է մեր պետական կարգի նկատմամբ: Էլի պետք է արձանագրեմ, որ մենք ավելի քան 500 տարի և ավելի շատ պետականություն չենք ունեցել և պետական կարգը մեզ համար միշտ եղել է օտար»,- նշել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ մենք չենք ունեցել պետական կարգ դարեր շարունակ:
«Մեզ համար պետական կարգը եղել է օտարի կողմից պարտադրված ինչ-որ բան՝ պարսկական կայսրություն, Օսմանյան կայսրություն, Ռուսական կայսրություն, Խորհրդային Միություն: Պետական կարգը երկար հարյուրամյակներ եղել է օտար, ուրիշի կողմից պարտադրված: Հետևաբար պետական կարգը մեր ենթագիտակցության մեջ ասոցացվել է բռնության հետ: Այսինքն պետական կարգը մեր արժանապատվությունը ոտնահարելով հաստատվել է ուրիշի կողմից բռնությամբ»,- ըդգծել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ Թավշյա հեղափոխությունը մեզ բերել է ազատություն և քանի որ պետական կարգը միշտ հակոտնյա է եղել մեր ազատությանը, հիմա այս ճգնաժամային իրավիճակում պետական կարգը ասոցացվում է որպես մեզ ազատությունից զրկելու հերթական փորձ: Մեր գիտակցության մեջ չկա պետական կարգ, որի նպատակը կլինի մեզ պաշտպանելը:
«Վիրուսը բորբոքել է օտար պետականության հիշողությունը: Կամ էլ ուրիշ ավելի վատ վարկած, որ մեր սեփական պետականության ընկալումը դեռ բավարար չի արմատացել: Եթե այս բանաձևը հասկանալի էր, երբ մենք Օսմանյան կայսրությունում էինք ապրում, այս բանաձևը կործանարար է, երբ ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում»,- հավելել է Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը հույս է հայտնել, որ մենք բոլորով որպես քաղաքացի մեր կամքով կարգ հաստատենք:
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/1434281156753978