Խորհրդարան

Դատարան դիմելու պետական տուրքի չափը առաջարկվում է դարձնել 6000 դրամ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 5-ի նիստում քննարկվեց ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը երկրորդ ընթերցմամբ:

1990 թ. սկսած՝ դատարան ներկայացվող հայցադիմումների համար պետական տուրքը չի փոխվել, սակայն երկրում սոցիալ-տնտեսական պայմանները մոտ 4 անգամ փոխվել են:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը նշեց, որ 2018-ին դատարանների վրա մոտ 9 մլրդ դրամի փաստացի ծախսեր են կատարվել, մինչդեռ ստացվել է 1,7 մլրդ դրամի եկամուտ: 2019-ի 12 մլրդ դրամի ծախսի դիմաց ստացվել է 2 մլրդ դրամի եկամուտ: Ներկայացնելով վիճակագրական տվյալներ՝ փոխնախարարն ընդգծեց, որ միջազգային փորձի ուսումնասիրություն է իրականացվել: Պետական տուրքը նախկին 1500 դրամի փոխարեն կդառնա 6000 դրամ: Սահմանվել է պետական տուրքի առավելագույն չափ՝ Առաջին ատյանի դատարանում այն կկազմի 25 մլն դրամ, Վերաքննիչ դատարանում՝ 15 մլն դրամ, Վճռաբեկ դատարանում՝ 10 մլն դրամ: Վարչական գործերի համար սահմանվել է տուրքի բանաձև: Վերանայվել է արտոնությունների համակարգը. օրենքում չհիմնավորված արտոնություններ կան: «Լրացուցիչ կարևոր արտոնություններ ենք սահմանել, որոնցից է համայնքի ղեկավարի՝ հավաքներին վերաբերող որոշումների, գործողությունների օրինաչափությունը բողոքարկելու հարցը: Այդ դեպքում պետական տուրք չի գանձվի: Պետտուրք չի գանձվի նաև ընտանիքում բռնության դեպքերի գործերով դատարան ներկայացվող հայցադիմումների դեպքում»,-պարզաբանեց Դանիելյանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ