fbpx
Աշխարհ

Պետդուման կքննարկի Հվ․ Օսիայի ցեղասպանության ճանաչման հարցը. Վոլոդին

Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հանձնարարել է Հարավային Օսիայի դե ֆակտո խորհրդարանի՝«1920-ին Վրաստանից Հարավային Օսիայի ցեղասպանությունը ճանաչելու մասին» հայցադիմումը ստանալուց հետ այն քննարկման դնել Դումայի խորհրդի առաջիկա նիստին:

«Պետդումայի խորհրդի նիստին, որի կազմում ընդգրկված են Դումայի ղեկավարությունը, բոլոր քաղաքական խմբակցությունների ղեկավարները և հանձնաժողովների նախագահները, մենք կքննարկենք ՀՕ-ի այդ ուղերձը»,- ռուս լրագրողներին հայտարարել է Վյաչեսլավ Վոլոդինը:

Հարավային Օսիայի դե ֆակտո կառավարության էջում տեղադրված փաստաթղթում նշվում է նաև, որ այն բանից հետո, երբ Հարավային Օսիան հայտարարեց ինքնորոշման և Խորհրդային Ռուսաստանին միանալու իր իրավունքը, 1920 թվականի հունիսին վրացական կառավարությունը զորք էր ուղարկել Հարավային Օսիան ճնշելու համար:

«Գերմանիայի, ապա նաև Մեծ Բրիտանիայի կողմից լավ զինված վրացական զորքերը ոչնչացրին Հարավային Օսիայի բնակավայրերի մեծ մասը… զոհ դարձան հազարավոր մարդիկ, ինչը, ըստ տարբեր գնահատականների, կազմում է բնակչության ընդհանուր թվի 8-25 տոկոսը»,- ասված է փաստաթղթում:

«1989-1992 թվականներին Վրաստանը կրկին փորձեց էթնիկ զտումներ իրականացնել օսերի դեմ, իսկ 2008-ին՝ միայն Ռուսաստանի միջամտությունն էր, որ Վրաստանին պարտադրեց խաղաղության: Կանխեց Հարավային Օսիայի բնակչության լիակատար ոչնչացումը»,- ասված է ՀՕ-ի տարածած փաստաթղթում:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի վաղ հայտարարել էր, որ լավ կլիներ, որ Վրաստանի ներկայիս իշխանությունները լավ իմանան Աբխազիայի և Հարավային Օսիայի ժողովուրդների հետ ունեցած վաղեմի հարաբերությունների պատմությունը, եթե այսօր ցանկանում են հարաբերություններ հաստատել նրանց հետ: Նա մասնավորապես նշել է այն դաժանությունները, որով վրացական զորքերը գործել են Օսիայի տարածքում 1919 և 1920 թվականներին ՝ հավելելով, որ «հենց դա է, որ այսօր կոչվում է ցեղասպանություն»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ