Հասարակություն
18:30 17/05/2020

Պետք է դադարեցնել իրար վիրավորելու, նսեմացնելու վտանգավոր սովորությունը. ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրառում է կատարել Facebook-ում:

ՄԻՊ-ը անդրադարձել է իրար վիրավորելու, նվաստացնելու և իրար արժանապատվություն նսեմացնելու վտանգավոր սովորությունը: Մարդու իրավունքների պաշտպանը իր խոսքը, մասնավորապես ուղղել է հանրային գործունեություն ծավալող անձանց:

«Պետք է դադարեցնել իրար վիրավորելու, իրար արժանապատվություն նսեմացնելու վտանգավոր սովորությունը: Դա բերում է վտանգավոր հետևանքների, դա բազմապատկում է վիրավորանքն ու ատելությունը, դա ի վերջո սադրում է բռնություն:

Սա հատկապես վերաբերում է հանրային գործունեություն ծավալող ու մանավանդ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց, ովքեր պետք է լինեն զսպված և թույլ չտան վիրավորանք, ատելություն գեներացնող, լարվածություն առաջացնող որևէ խոսք: Հանրային պաշտոնյաների դեպքում պահանջներն առավել խիստ են, քանի որ նրանք ունեն կոնկրետ կարգավիճակ ու սահմանափակված են այդ կարգավիճակի սահմաններով: Ցանկացած շեղում կարող է առաջացնել իրավական հետևանքներ, այդ թվում՝ պատասխանատվություն:

Խիստ մտահոգիչ երևույթ է, երբ մարդու արժանապատվությունը վիրավորող, նսեմացնող գրառում է անում երկրի Հանրային խորհրդի նախագահը՝ որպես հանրային պաշտոն զբաղեցնող և օրենքով ստեղծված ու կոնկրետ խնդիրներ, իրավական կոնկրետ կարգավիճակ ունեցող մարմնի ղեկավար, ում պաշտոնի հրամայականով թելադրված պարտադիր խնդիրն է հասարակությունում փոխադարձ վստահության, երկխոսության և գործընկերային հարաբերությունների ձևավորմանը նպաստելը:

Հանրային խորհրդի ղեկավարի գրառման ուսումնասիրությունը վկայում է, որ դա արվել է կնոջը վիրավորելով՝ նրա սեռի թիրախավորմամբ: Առավել մտահոգիչ է, որ այդ գրառման ներքո արվում են արժանապատվությունը նսեմացնող ու ատելություն գեներացնող մեկնաբանություններ, որոնք ոչ միայն չեն հեռացվում, այլ նաև ակնհայտ խրախուսվում են:

Ցանկացած տեսակի բանավեճում պետք է քննարկել միայն բովանդակային կամ առարկայական հարցեր՝ առանց ընդդիմախոսին վիրավորանք հասցնելու կամ նրա արժանապատվությունը նսեմացնելու:

Սրանք կանոններ են, որ կնպաստեն հասարակությունում համերաշխության մթնոլորտի և փոխադարձ հարգանքի երշախավորմանը»,-ասվում է ՄԻՊ-ի գրառման մեջ:

Պետք է դադարեցնել իրար վիրավորելու, իրար արժանապատվություն նսեմացնելու վտանգավոր սովորությունը: Դա բերում է վտանգավոր…

Geplaatst door Arman Tatoyan op Zondag 17 mei 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ