Քաղաքականություն

Պետք է ռուսական գործոնն օգտագործել, ոչ թե հանձնվել նրանց․ Քամալյան

Գագիկ Քամալյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Մակրոնի ու Էրդողանի ծանր հարաբերությունները ինձ հիշեցրեց ֆրանկո-թուրքական պատերազմը, և ֆրանսիական բանակում գործած հայտնի հայկական լեգեոնը։

Այն ժամանակ էլ հայերը մտածում էին, որ երրորդ կողմի ռազմական հաջողությունների միջոցով հնարավոր է նաև հայկական կողմի համար ինչ-որ մի բան քաղել։ Իհարկե, տեսական առումով համագործակցության ոչ մի գաղափար դատափետելի չէ, բայց նման իրավիճակներում, երբ դու մտնում ես երկու խոշորի արանքում, ապա պետք է հաշվի առնես, որ դու կարող ես օգտագործվել, որովհետև այդ երկու հակամարտող խոշորները ինչ-որ պահից սկսած քեզանից անկախ կարող են պայմանավորվել, ինչպես որ եղավ ֆրանկո-թուրքական և ռուս-թուրքական պատերազմների արդյունքում։

Հիմա հարյուր տարի անց կրկին շատ բաներ հիշեցնում է անցյալը, և հայկական կողմը ոչ թե պետք է ձգտի երկու խոշորի արանքում օգտագործվել, այլ այդ երկու խոշորներին օգտագործի ի շահ իրեն։ Իհարկե, բարդ է նման քաղաքականություն իրականացնելը, բայց հավատացեք, որ ցանկացած քաղաքական ազգ կարող է նման կերպ մանևրել, որովհետև դա է մեծ քաղաքականության լեզուն, որը բոլոր ուժեղների համար ընդունելի է։

Հիմա ստեղծվել է մի իրավիճակ, որ ռուսական ու ֆրանսիական կողմի հետ ունենք ընդհանուր շահեր, բայց այդ ընդհանուր շահերի մեջ մեր հասանելիքը ստանալու համար ոչ թե պետք է հանձնվել նրանց խղճահարությանը, այլ բանեցնել ճկուն քաղաքականություն։ Մի պարզ օրինակով կարելի է հասկանալ ասելիքս։ Ուրեմն այս պահի դրությամբ Արցախում հայկական կողմի կապիտուլացիոն պարտության արդյունքում՝ ռուսական կողմը կկորցնի, թե՛ Ադրբեջանին, թե՛ նաև մեծամասամբ Հայաստանը։ Սա շա՛տ լավ հասկանում են ռուսները, և բնական է, որ նրանց համար հիմա խիստ անհրաժեշտ է հայկական ուժերի դիմադրության կարևորությունը, բայց ոչ հայկական կողմի լիարժեք հաղթանակով։ Այս պարագայում ցանկացած պետական մտածողություն ունեցող անհատ կամ թիմ պետք է հասկանա, որ անհրաժեշտ է ռուսական գործոնը օգտագործել, բայց ոչ մի դեպքում չի կարելի մատաղացու գառի նման հանձնվել նրանց, ինչը որոշ քաղաքական շրջանակներ փորձում են հանուն իրենց ներքաղաքական շահերի իրականացնել։ Կույր պետք է լինել, որ չտեսնել, թե ինչպես են մարդիկ ամեն գնով պարտության ու հուսահատության շղարշ ստեղծելով համոզում, որ ստեղծված իրավիճակում միակ ելքը հետևյալն է՝ պետականությունը հանձնում ենք Ռուսաստանին, որ թուրքը մեզ ֆիզիկապես չոչնչացնի։ Հասկանալի է, որ հայկական էթնոսի զգացմունքների վրա նման հռետորաբանությամբ կարելի է շատ արագ կերպով ազդել, քանզի ցեղասպանություն տեսած ժողովրդի համար ֆիզիկական գոյության պահպանումը թիվ մեկ պահանջն է, բայց իրականում էթնոսների ֆիզիկական գոյության ամենաապահով երաշխավորը պետականությունն է։ Ես համոզված եմ, որ Պուտինից մինչև Մակրոն իրենց հոգու խորքում, որպես երկարամյա պետականությունների առաջնորդներ, հարգում են Նիկոլ Փաշինյանի տեսակը, որովհետև իրենք շատ լավ են հասկանում ցանկացած ժողովրդի համար պետականության նշանակությունը, բայց քանի որ Հայաստանում կան այնպիսինները, որ պատրաստ են հանուն անձնական շահերի վաճառել իրենց պետական շահերը, ապա բնական է, որ նրանք կցանկանան օգտվել այդ մարդկանց ծառայություններից։

Հարգելի հայրենակիցներ, հավատացեք, որ այս պահի դրությամբ հաղթական խաղաղության տանող ամենաապահով ճանապարհը՝ Նիկոլին անվերապահորեն վստահելու համազգային գիտակցումն է, որովհետև դավեր նյութողները չեն կարող ձեզ խաղաղություն բերել, նրանց ուզածը հային քաղաքականապես ոչնչացնելն է, իսկ քաղաքականապես ոչնչացված ազգերի ֆիզիկական գոյությունը երկար չի կարող տևել»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ