fbpx
Աշխարհ

Պետությունները պետք է պատրաստ լինեն կորոնավիրուսի համավարակի․ ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) հայտնում են, որ թեև դեռևս վաղ է կորոնավիրուսի համավարակի մասին հայտարարել, սակայն երկրները պետք է պատրաստ լինեն ցանկացած զարգացման։ Այս մասին հաղորդում է BBC-կայքը։

Նշենք, որ համավարակը բնորոշվում է աշխարհի բազմաթիվ երկրներում վարակիչ հիվանդությունների արագ տարածմամբ։

Covid-19 տեսակի կորոնավիրուսի հարուցիչով պայմանավորված հիվանդությունը շարունակվում է արագորեն տարածվել մի շարք երկրներում: ԱՀԿ ղեկավարի խոսքով՝ առավել անհանգստացնող են վերջին օրերին Հարավային Կորեայում, Իտալիայում, Իրանում գրանցված դեպքերը: Այնուամենայնիվ, ամենաշատ դեպքերը գրանցվել են համաճարակի օջախ դարձած Չինաստանում, որտեղ գրանցվել է վարակի 77 000 դեպք, որից՝ 2600-ը մահվան ելքով:

Չինաստանի սահմաններից դուրս 30 երկրում հաստատվել է վարակման 1200 դեպք, որից 20-ը՝ մահվան ելքով: Covid-19 կորոնավիրուսից մահացության տոկոսը տատանվում է 1-2-ի միջև՝ չնայած ԱՀԿ-ն զգուշացնում է, որ այս տվյալների մասին ամենայն վստահությամբ չի կարելի խոսել:

Երկուշաբթի օրը վարակման առաջին դեպքեր են գրանցվել նաև Աֆղանստանում, Քուվեյթում, Օմանում և Բահրեյնում, որտեղ վարակակիրները ժամանել են Իրանից:

Կորոնավիրուսի տնտեսական ազդեցության հետևանքով համաշխարհային արժեթղթային շուկայում կտրուկ անկումներ են եղել:

Չինաստանն իր հերթին հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարը շարունակելու նպատակով պատրաստվում է հետաձգել Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ