fbpx
Կառավարություն

Պետությունը ծախսեր կատարելիս նայում է իր հնարավորություններին. Անանյան

Պետությունը դեռ չի էլ սահմանել 68 հազար դրամ, այդպիսի օրինագիծ կա: Այսօրվա գործողը 55 հազար դրամն է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Նրա խոսքով՝ շատ դեպքերում եթե մարդը գնում է աշխատանքի ընդունվելու, ոչ թե նայում է, թե այդ աշխատանքի դիմաց միջինում շուկայում ինչ աշխատավարձ է ձևավորված, այլ իր ծախսերի հանրագումարը փորձում է աշխատավարձի տեսքով վերցնել:

«Արժանապատիվ եկամուտը այն գումարն է, որը ստանալով՝ միջին վիճակագրական արժեքային համակարգ ունեցող անձը կոռուպցիոն ռիսկերի չի գնա»,-ասաց Անանյանը՝ հավելելով, որ իր եկամուտն այդպիսին է համարում:

Հարցին, թե այդ դեպքում՝ ինչու է պետությունը նվազագույն աշխատավարձ սահմանել 68 հազար դրամը, ինչը, ակնհայտորեն, արժանապատիվ չէ, ՊԵԿ նախագահը պատասխանեց. «Պետությունը ծախսեր կատարելիս նայում է իր հնարավորություններին: Պետությունը դեռ չի էլ սահմանել 68 հազար դրամ, այդպիսի օրինագիծ կա: Այսօրվա գործողը 55 հազար դրամն է:

Եթե դուք ունեք ընտանեկան բյուջե, դուք ձեր ընտանեկան ծախսերը պլանավորում եք ձեր բյուջեի պարունակությամբ: Նույնն էլ պետությունն է անում: Լավ օրից չէ, որ 68 հազար դրամ է կամ 55 հազար դրամ: 125 հազար դրամն էլ է քիչ: Դրա համար ոչ թե պետք է սահմանենք աշխատավարձ, որ լինի արժանապատիվ, այլ այնպես զարգացնենք տնտեսությունը, որ ինչ-որ փուլում խոսենք արժանապատիվ եկամտի մասին:

Մենք ձգտել ենք ավելիին, բայց ունենք այն, ինչ ունենք: Դրական հետագիծ ունենք, որը բավարար չէ»:

Վերեվ