fbpx
Խորհրդարան
17:00 21/01/2020

Պնդում եմ՝ խորհրդարանը Գևորգ Պետրոսյանի նման պատգամավորների տեղը չէ․ Ալեն Սիմոնյան

Եթե պատգամավորն իրեն թույլ է տալիս տեղից վեր կենալ և մոտենալ մեկ այլ պատգամավորի, որը ելույթ է ունենում, և հոխորտալ, եթե պատգամավորը նիստերի դահլիճում թույլ է տալիս սեռական բնույթի վիրավորանք հասցնել, իսկ նման բան տեղի է ունեցել, ապա կարծում եմ, որ պարոն Աբովյանը, ԲՀԿ-ն և անձամբ Գագիկ Ծառուկյանը այսօր երեկոյան հավաքվելու և քննարկելու շատ լուրջ բան ունեն: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին՝ ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ այն, ինչ տեղի ունեցավ ԱԺ նիստերի դահլիճում, անընդունելի է։

«Օգտվելով առիթից՝ ներողություն եմ խնդրում ՀՀ քաղաքացիներից նման իրավիճակի համար, որը տեղի ունեցավ, թեպետ «Իմ քայլն» այդ իրավիճակի մասնակից չէր: Կարծում եմ՝ Գևորգ Պետրոսյանը հին աշխարհում մնացած մի անձնավորություն է, որը չի հասկացել և դժվար թե հասկանա, թե Հայաստանում ինչ է տեղի ունեցել: Պնդում եմ, որ խորհրդարանը Գևորգ Պետրոսյանի նման պատգամավորների տեղը չէ»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Նրա դիտարկմամբ՝ Գևորգ Պետրոսյանի պահվածքն ակնհայտ քրեական ենթամշակույթի դրսևորում էր:

«Անցնում էի միջանցքով և լրագրողների հետ զրույցում տեսա Գևորգ Պետրոսյանի արձագանքը, խոսքի ձևը, ոճը, ընդհանուր առմամբ կեցվածքը, քայլվածքը՝ սև շորեր հագած: Ապշած եմ տարրական չափանիշերի բացակայության համար»,-հավելեց նա:

Ալեն Սիմոնյանն ասաց, որ այժմ գործընկերների հետ քննարկում են, թե ինչպես է պետք հարցը լուծել, ավելին՝ Էթիկայի հանձնաժողովից բացի՝ կլինեն նաև այլ արձագանքներ, որին բոլորն ականատես կլինեն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ