fbpx
Քաղաքականություն

ՊՈԱԿ-ը իշխող թիմի քարոզչության համար օգտագործելը հակասում է օրինականության սկզբունքին. Դանիել Իոաննիսյան

Դանիել Իոաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է հանրաքվեի քարոզչության ընթացքում «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեությանը՝ վերջինիս որոշ գործողություններ համարելով հակաօրինական: Նա մեղադրում է ՊՈԱԿ-ին իշխանամետ քարոզչության իրականացման մեջ:

Ամբողջական գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի Infocheck նախագիծը անդրադարձել է արձակուրդում գտնվող և քարոզարշավով զբաղված Նիկոլ Փաշինյանի գործունեությանը ու դրա օրինականությանը:

Ի տարբերություն ուղղաթիռով մեկնելու փաստի (որն իրոք օրինական է), հանրային միջոցներով Նիկոլ Փաշինյանի քարոզչական գործունեության պաշտպանությունը վարչական ռեսուրսի կիրառման ակնհայտ օրինակ է: Առավել ևս, որ նույն հարթակը չի անդրադարձել այն դեպքերին, երբ վարչապետը քարոզչության ընթացքում իրոք խախտել էր օրենքը:

Ընդ որում, նյութում ներկայացնում են, թե իբր վարչապետը իրավունք էլ չուներ մեկնել մեքենայով (թեկուզ ծառայողական, զրահապատ) և պարտավոր էր գնալ ուղղաթիռով: Դա սուտ է, վարչապետը կարող էր (թեև պարտավոր չէր) հրաժարվել ու գնալ նույնիսկ իր անձնական ոչ զրահապատ մեքենայով՝ ինչպես արեց ամառվա իր արձակուրդի ժամանակ:

Առհասարակ, նշված ՊՈԱԿ-ի Infocheck նախագծի գործունեությունը պարբերաբար հիշեցնում է իշխանամետ քարոզչություն, որն արվում է հարկատուների հաշվին:

Այսպես՝ երբ, օրինակ, Նիկոլ Փաշինյանն է ակնհայտ սխալ բան ասում տնտեսության մասին, այդ կայքը լռում է, բայց երբ դա անում է Հրանտ Բագրատյանը՝ անպայման անդրադառնում է: Նույն կերպ չեն մոռանում անդրադառնալ Գագիկ Ծառուկյանի քաղաքական հայտարարություններին, որոնք ուղղված չէին պետական որևէ գերատեսչությանը:

Կարող եմ էլ չհիշատակել, թե ո՞նց էր էդ կայքը մանիպուլացնում զինված ուժերում մահացության շուրջ պատմությունը և կեղծ ինֆորմացիա տարածելով՝ թիրախավորում Նիկոլ Փաշինյանի սխալի մասին բարձրաձայնող լրատվամիջոցին:

Բարեկամներ, 150-ից ավել հաստիք ունեցող ՊՈԱԿ-ը հարկատուների հաշվին իշխող թիմի քարոզչության համար օգտագործելը հակասում է ժողովրդավարության տարրական սկզբունքներին և նույնիսկ, ըստ էության, Սահմանադրական կարգի հիմունք հանդիսացող օրինականության սկզբունքին»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ