Իրավական
21:20 19/12/2019

Փոխնախարարը ներկայացրել է Հայաստանի հակակոռուպցիոն բարեփոխումների թվային լուծումները

Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը Աբու Դաբիում անցկացվող ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի անդամ պետությունների կոնֆերանսի 8-րդ նստաշրջանի պանելային քննարկման ժամանակ դեկտեմբերի 18-ին անդրադարձել է հակակոռուպցիոն բարեփոխումների կարևոր լոկոմոտիվներից մեկին՝ թվային գործիքներին ու նորարարական լուծումներին:

Խոսելով Հայաստանում իրականացվող հակակոռուպցիոն աշխատանքներից՝ Սրբուհի Գալյանը ներկայացրել է օրենսդրական գործընթացի թափանցիկության և քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցության ապահովման նպատակով ստեղծված www.e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակի գործիքակազմը և նշել, որ բաժանորդագրված օգտատերերի թիվը ներկայում ավելի քանի 45 հազար է, իսկ ամսական այցելությունների թիվը՝ ավելի քան 180 հազար:

Կոռուպցիայի դեմ պայքարում նորարարական լուծման հաջորդ հայկական օրինակը վերաբերել է կոռուպցիոն հանցագործությունների ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակին՝ https://azdararir.am/am/-ին, որի միջոցով ազդարարն անանուն կարող է պետական մարմնին տեղեկացնել կոռուպցիոն դեպքի մասին: 2019 թվականի մայիսից գործող հարթակի միջոցով ստացվել է ավելի քան 180 հաղորդում, որի 22% դեպքերով արդեն իսկ հարուցվել են քրեական գործեր:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ