fbpx
Առողջապահություն
15:30 02/02/2020

Փոխվարչապետ Ավինյանն ընդունել է Չինաստանի դեսպանին

Փետրվարի 1-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Թիան Էրլունին:

Զրուցակիցները քննարկել են կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը: Չինաստանի դեսպանը ներկայացրել է վիրուսի տարածման վերաբերյալ վերջին թվերը և ընդհանուր իրավիճակը՝ նշելով, որ չնայած այն բարդ է, սակայն վերահսկելի է ու կայուն: Չինական կողմը ակնկալում է, որ մեկ շաբաթվա ընթացքում դրությունը կբարելավվի:

Թիան Էրլունը նշել է, որ հարցը գտնվում է Չինաստանի բարձրագույն ղեկավարության անմիջական վերահսկողության ներքո, առկա է առավելագույն համախմբվածություն կորոնավիրուսի դեմ պայքարում, ու պատկառելի մարդկային և նյութական միջոցներ են ուղղվել այս նպատակի համար: Երկիրը նաև ակտիվորեն համագործակցում է միջազգային գործընկերների հետ, և աշխատանքներ են տարվում պատվաստանյութ ստեղծելու ուղղությամբ:

Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել տրամադրված համապարփակ տեղեկատվության համար: Նա ներկայացրել է Հայաստանի կողմից կորոնավիրուսի ներթափանցման կանխարգելման ուղղությամբ կատարվող աշխատանքները և նշել, որ այս նպատակով իր գլխավորությամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով:

Տիգրան Ավինյանն ասել է, որ շատ բարձր է գնահատում Չինաստանի կողմից իրականացված արդյունավետ քայլերը ու կարծիք հայտնել, որ իրավիճակը շուտով դեպի կարգավորում կգնա: Նա նաև կարևորել է այս հարցում չինական կողմի օպերատիվությունը, թափանցիկությունը և միջազգային հանրության հետ համագործակցությամբ դրսևորած ջանքերը: Փոխվարչապետը հավելել է, որ Հայաստանը պատրաստ է հնարավոր միջոցներով աջակցություն ցուցաբերել բարեկամ Չինաստանին:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ