fbpx
Աշխարհ

Պոմպեոն աֆղանստանցիներին կոչ է արել օգտվել թալիբների հետ հրադադարից

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն աֆղանստանցիներին կոչ է արել օգտվել թալիբների հետ զինադադարից՝ երկրում կարգուկանոն հաստատելու համար։ Այս մասին հաղորդում է Swissinfo-ն:

ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ տասնամյակներ տևած հակամարտությունից և թալիբների հետ բանակցություններից հետո Աֆղանստանում բռնության մակարդակը զգալիորեն կրճատվել է:

«Սա կարևոր քայլ է դեպի խաղաղության տանող երկար ճանապարհին, և ես կոչ եմ անում բոլոր աֆղանստանցիներին օգտվել այդ հնարավորությունից»,-նշել է ԱՄՆ պետքարտուղարը:

Ուրբաթ Կատարում «Թալիբան» իսլամիստական շարժման խոսնակ Սուհաիլ Շահինը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և թալիբների միջև համաձայնագիրը կստորագրվի Դոհայում՝ փետրվարի 29-ին: Ըստ նրա՝ փաստաթուղթը կստորագրվի մի շարք երկրների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների ներկայությամբ:

«Միացյալ Նահանգների հետ պայմանավորվածության համաձայն՝ բոլոր արտաքին ուժերը դուրս կբերվեն Աֆղանստանից, և շրջափակումը կավարտվի: Ոչ մեկին չի թույլատրվի Աֆղանստանը ուրիշների դեմ օգտագործել: Մենք երախտապարտ ենք Կատարին և այլ երկրներին, որոնք իրենց ներդրումն են ունեցել այս գործընթացում»,-ասել է Թալիբանի ներկայացուցիչը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ