Հանդիպում են ունեցել ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն և Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանը։ Հանդիպման ընթացքում երկու երկրների ներկայացուցիչները անհրաժեշտ են համարել, որ համաշխարհային հանրակցությունը միավորվի տարածաշրջանում Իրանի քաղաքականությանը դիմակայելու համար: Այս մասին հաղորդում է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը:
«Պետքարտուղարը և գահաժառանգ արքայազնը քննարկել են համաշխարհային հանրակցության միավորման անհրաժեշտությունը՝ իրանական վարչակարգի պահպանվող սպառնալիքին հակազդելու համար, և համաձայնել են, որ երկիրը պետք է պատասխանատվություն կրի իր շարունակվող ագրեսիվ, անխոհեմ և սպառնալից գործելակերպի համար»,-նշված է Պետդեպի տարածած հաղորդագրության մեջ:
Կողմերը նաև նշել են, որ սեպտեմբերի 14-ին Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքի օբյեկտներին հասցված հարվածները, որոնց համար նրանք մեղադրել են Իրանին, սպառնում են ոչ միայն Սաուդյան Արաբիայի ազգային անվտանգությանը, այլև ամբողջ աշխարհի էներգամատակարարմանը: