Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար խորհրդարանը դեկտեմբերի 7-ի ԱԺ նիստում քննարկել է կառավարության հեղինակած ««Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:
Ըստ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանի՝ նախաձեռնության նպատակն է լուծել իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրները և համապատասխանեցնել միևնույն ոլորտը կանոնակարգող իրավադրույթները:
Առաջարկվող փոփոխություններով մինչև 16 տարեկան և 16 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին անձնագրերը կտրամադրվեն մինչև նրանց 19 տարին լրանալը, իսկ 19 տարին լրացած լինելու դեպքում՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով տրված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման, ինչպես նաեւ օրենքի համապատասխան հոդվածներով սահմանված բժշկական վերափորձաքննության ժամկետով: Պաշտպանության նախարարի միջնորդությամբ 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին անձնագիր կարող է տրամադրվել նաև այլ ժամկետով՝ ուսման, բուժման, սպորտային, մշակութային միջոցառումներին մասնակցելու նպատակով:
Նախաձեռնությամբ երկարաձգվում է ՀՀ քաղաքացիներին ոչ կենսաչափական տվյալներով անձնագրերի տրամադրման ժամկետը՝ 2022 թ. հունվարի 1-ի փոխարեն սահմանելով մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը:
Արա Ֆիդանյանի տեղեկացմամբ՝ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո փաթեթի վերաբերյալ առաջարկներ չեն ներկայացվել:
Գլխադասային՝ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը և կոչ արել կողմ քվեարկել նախաձեռնությանը: