fbpx
Մշակույթ

Փորձել եմ ցույց տալ Արցախի ինքնին լինելը․ Նորա Մարտիրոսյանը ներկայացրել է իր ֆիլմը

Կաննի միջազգային 73-րդ փառատոնի պաշտոնական ծրագրի «Առաջին լիամետրաժ ֆիլմ» (The First Features) անվանակարգում 2020 թ.-ին ընտրված՝ ֆրանսահայ կինոռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» (Si Le Vent Tombe/ Should Thr Wind Drop) ֆիլմի երևանյան պրեմիերայից հետո ռեժիսորը, դերասանները, աջակիցները պատմել են կինոնկարի հետկուլիսային անցուդարձի, նկարահանումների, իրենց ապրածի ու զգացածի մասին, հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։

Նախարարությունից Հիշեցնում են, որ «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը մարտի 10-ին բարձրացավ հայկական էկրան: Պրեմիերան տեղի ունեցավ «Մոսկվա» կինոթատրոնում։

«2020 թ․ սեպտեմբերի 26-ին կայացավ ֆիլմի փարիզյան պրեմիերան։ Մեր ամբողջ թիմը, բոլոր աջակիցներն ուղղակի ցնծում էին, որ Արցախի մասին ֆիլմը նկարահանվեց ու պրեմիերան կայացավ: Իսկ երբ 27-ին արթնացանք, պարզվեց, որ Արցախում պատերազմ է սկսվել: Երբ ֆիլմը ներկայացնում էի տարբեր կինոդահլիճներում, դժվարանում էի խոսել, որովհետև Արցախում իրավիճակն անընդհատ փոխվում էր: Ես փորձել եմ ոչ քաղաքական ֆիլմ նկարել և ցույց տալ Արցախի ինքնին լինելը, ինքն իրեն գոյություն ունենալու փաստը: Ամենաճիշտ պատասխանը ֆիլմն է տալիս: Հավատն ու հույսը, որոնց վրա է հենված ֆիլմը, նաև իմ հույսն ու հավատն են»,- պատմել է Նորա Մարտիրոսյանը:

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի խոսքով՝ 2018 թ․, երբ նախագիծը պետք է ներկայացվեր Եվրիմաժին՝ ֆինանսական աջակցություն ստանալու համար, Ազգային կինոկենտրոնն արագ արձագանքեց ու չսխալվեց, որովհետև նախագիծը հաջողված էր։ Այն արժանացավ Եվրիմաժի հավանությանը և լրացուցիչ ֆինանսավորում ստացավ: Այդ գումարի մի մասը ծախսվեց հենց Հայաստանում: Կինոկենտրոնի տնօրենը փաստել է, որ Եվրիմաժով անցած ֆիլմերի առջև մեծ հնարավորություններ են բացվում՝ ցուցադրվելով եվրոպական դահլիճներում, մեծաթիվ հանդիսատեսի առջև․ «Հույս ունեմ, որ ֆիլմը հաջողություններ կունենա և այսուհետև էլ արժանի գնահատականի կարժանանա՝ հատկապես պատերազմից հետո»:

Հայաստանում կինոյի պատասխանատուների և կինոարտադրողների շնորհիվ համատեղ արտադրությունը դանդաղ, բայց հաստատուն քայլերով շարժվում է առաջ, արդեն երևում են կինոինդուստրիայի գրանցած առաջին հաղթանակները։ Համատեղ արտադրության «Երբ որ քամին հանդարտվի» կինոնկարը դիստրիբուցիայի լայն հնարավորություններ է ստացել։ Այն նախատեսված է ոչ միայն հայկական, այլև եվրոպական, ռուսական և ամերիկյան կինո և հեռուստաշուկաներում ցուցադրության համար։ Բացի դրանից՝ ֆիլմն արդեն մասնակցել է բազմաթիվ միջազգային կինոփառատոների՝ արձանագրելով դրական արձագանքներ։ Առաջիկայում կինոնկարը կմասնակցի նաև Ժնևում կայանալիք Մարդու իրավունքների միջազգային կինոփառատոնին։

ԿԳՄՍՆ-ն հիշեցնում է նաև, որ «Երբ որ քամին հանդարտվի» համատեղ կինոարտադրության (Հայաստան, Բելգիա, Ֆրանսիա) ֆիլմը պետական ֆինանսական աջակցություն է ստացել Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից։

Ֆիլմը պատմում է Ալենի՝ ազգությամբ ֆրանսիացի օդանավակայանների աուդիտորի մասին, որը ժամանում է Արցախի Հանրապետության՝ բոլորովին նոր կառուցված օդանավակայան: Ինքնահռչակված, թշնամի պետությամբ շրջապատված և ոչ հաստատուն սահմաններ ունեցող այդ երկիրը փորձում է ոտքի կանգնել անկախության համար մղված պատերազմից հետո: Ալենը պետք է ուսումնասիրի, թե արդյո՞ք վերաբացվելու համար այդ օդանավակայանը համապատասխանում է միջազգային նորմերին: Օդանավակայանի աշխատակիցների հետ հարցազրույցների ընթացքում Ալենը հետզհետե հայտնաբերում է մի երկիր, որը որոշ քարտեզների վրա նույնիսկ նշված չէ, բայց որն իրականում գոյություն ունի իր բնակիչներով, իր կառավարությամբ, իր համակարգերով, իր մշակութային դաշտով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ