fbpx
Քաղաքականություն

Հայ գերիներին կեղծ մեղադրանքներով փորձում են ենթարկել պատասխանատվության․ պատգամավոր

Հայաստանի երկու քաղաքացիների՝ Ալյոշա Խոսրովյանի և Լյուդվիգ Մկրտչյանի նկատմամբ անհիմն դատավարական գործընթացը, որը մեկնարկել է Բաքվի դատարանում, ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի ոտնահարման հերթական կոպտագույն դրսևորումը:

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։

Նա նշել է, որ գերեվարված մեր քաղաքացիները ամիսներ շարունակ ապօրինի կերպով պահվում են Ադրբեջանում, իսկ այժմ էլ կեղծ մեղադրանքներ առաջադրելով՝ նրանց փորձում են ենթարկել պատասխանատվության:

Պատգամավորի խոսքով՝ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն այս հարցի առնչությամբ շարունակում է մնալ նույնը նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության դրույթների կատարման, այդ թվում՝ գերիների և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց անվտանգ հայրենադարձման և հակամարտության գոտում կայունության և խաղաղության հաստատմանն առնչվող հարցերի շուրջ:

«Եվս մեկ անգամ ընդգծեմ, որ մեր գերեվարված քաղաքացիները նախ և առաջ պաշտպանված են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և Ժնևի 3-րդ կոնվենցիայի դրույթներով, ավելին՝ գերեվարված մեր հայրենակիցների նկատմամբ որևէ ոտնձգություն արդեն իսկ հարվածի տակ է դնում և խաթարում է եռակողմ հայտարարության մեջ արձանագրված պայմանավորվածությունների իրականացումը: Փաստացիորեն, չնայած մեր բազմաթիվ պնդումների, չնայած միջազգային կառույցների արձագանքի՝ Ադրբեջանը շարունակում է ոտնահարել մարդու իրավունքները և այժմ էլ հերթական կեղծ մեղադրանքներով փորձում է ձգձգել մեր քաղաքացիների վերադարձը հայրենիք», – ավարտել է խոսքը Բաղդասարյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ