fbpx
Քաղաքականություն

Հասարակության մեջ փորձում են սրսկել, որ Հայաստանում անիշխանություն է․ Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հասարակայնության հետ կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Ի՞նչ է տեղի ունենում

Ի՞նչ սպասել այս օրերին լրահոսում

1․ Ամեն ինչ
2․ Ամեն ինչ
3․ Ամեն ինչ

Նոյեմբերի 9-ի գիշերը, գուցե շատերը չեն գիտակցում, բայց Հայաստանում տեղի է ունեցել պետական բռնի հեղաշրջման ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ փորձ, որի ընթացքում փողոցային խուժանի ձեռամբ կատարվել է ծեծի միջոցով մահափորձ ՀՀ ԱԺ նախագահի նկատմամբ։ Հայաստանի Հանրապետության վարչապետի դեմ մահափորձի մասով ևս կա հարուցված քրեական գործ։

Ուզում եմ ճիշտ հասկանանք․ ոչինչ հավերժ չէ, ոչ մի իշխանություն հավերժ չէ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Իմ քայլը» դաշինքը, Նիկոլ Փաշինյանը ևս հավերժ կառավարություն ու իշխանություն չեն։ Հայաստանում հերթական կամ արտահերթ ընտրությունների ժամանակ, որ օրը Հայաստանի քաղաքացին կընտրի այլ ուժի, մեր ուժը կփոխանցի իշխանությունը տվյալ ուժին։ Սա խնդրում եմ ֆիքսենք ու անցնենք առաջ։

Մահափորձերի ու բռնի հեղաշրջման հետ առնվազն ասոցացվող ուժերը արդար ընտրությունների միջոցով ժողովրդի քվեն ու հետևաբար իշխանությունը ստանալու շանս չունեն։ Ֆիզիկապես չունեն և վերջ։ Մարդիկ, այո կարող է և մեզ չընտրեն, բայց նրանց հաստատ չեն ընտրի ու սա գիտակցում են նաև նրանք։ Բոլորից էլ լավ են գիտակցում։

Ու հենց այս գիտակցումն է պատճառը, որ տեղի ունեցավ բռնի հեղաշրջման, իշխանազավթման փորձը, տեղի ունեցավ մահափորձը Արարատ Միրզոյանի նկատմամբ։ Հենց սրա համար էր, որ երբ Արցախում մարտի դաշտում որոշվում էր Շուշիի ճակատագիրը, կրիմինալ այս բանդաները Երևանում հարբեցնում էին իրենց բանդիտներին ու տալիս լոկացիաների քարտեզ, որոնց վրա Երևանում պիտի տեղի ունենար հարձակումը։

Ուժերը, որոնք կանգ չեն առել մահափորձ կատարելու առաջ վստահաբար կանգ չեն առնի ոչնչի առաջ։ Եվ ուրեմն այս օրերին նրանց սպասարկող լրատվամիջոցներում ու բլոգերային տիրույթում տեղի են ունենում գործընթացներ։ Ի՞նչ են փորձում սրսկել հասարակության մեջ։

1․ Հայաստանում անիշխանություն է, ավելի լավ է թեկուզ Սերժը հետ գա, թեկուզ Մորքուր մականունով մեկը վարչապետ լինի, տո թեկուզ նաիրա Զոհրաբյանը լինի։

Այս թեզն առաջ տանելու համար օրինակ, երեկ Արցախի Քարվաճառի շրջանի քարտեզը (Սոթքի հանքի մի մասը ներառող) անգիր իմացող, նախկինում իշխանություն եղածները երեկ ամբողջ թափով փորձում էին գոռալ «Մտել են Գեղարքունիք, մտել են Գեղարքունիք»։ Այնինչ, շատ լավ հասկանում էին, որ ՀՀ-ն փորձել է «մի բան ավել ստանալու» մղումով առաջ դնել դարպասները, որ հանքն ամբողջությամբ մնա ՀՀ տարածքում։ Հասկանում էին ու ամեն ինչ արեցին, որ հասարակ, դա չիմացող քաղաքացիների շրջանում խուճապ ու ամենակարևորը ՎԱԽ տարածեն։

2․ Հնարավորինս շատ բացասական, հնարավորինս կեղծ ինֆորմացիա ՔՊ ու ԻՔ անդամների մասին հիմնականում անձնական։

3․ Ցույց տալ, թե իբր ԻՔ ու ՔՊ անդամները վախեցած են տներից դուրս գալիս, իբր նրանց հետևից գոռում են, իբր վիրավորում են փողոցում։ (Ջարդած պատուհանի էֆեկտով հասնել նրան, որ մի փոքր խումբ մարդիկ իրոք սկսեն այդպես վարվել)։

4․ Ոչ մի պարագայում չներկայացնել ոչ մի դրական բան։ Ոչ մի պարագայում չթողնել լրահոսում դրականը, ոչ մի պարագայում չթողնել հույսի նշույլ։

Այս բոլոր կետերի անվրեպ իրականացումը բանդիտներին թույլ կտա լուռ համաձայնությամբ իրականացնել բռնի իշխանազավթման երկրորդ ու իրենց կարծիքով հնարավոր ամենահաջող փորձը, ծայրագույն դեպքում հնարավորություն կտա չստաբիլիզացված երկրում արտահերթ ընտրությունների ժամանակ նույն բանդիտների միջոցով խեղդել ժողովրդավարությունը ու ընտրությունները կեղծելով գալ իշխանության։

Այս պարագայում Հայաստանի պետականությունը իր մեջ կրող ցանկացած իշխանություն մի անելիք ունի․
Գերիների անհետ կորածների հարցը բացարձակ առաջնահերություն է։

Դրանից զատ․

1․ Ստաբիլիզացնել վիճակը։
2․ Օրինականության սահմաններում խեղդել կառավարելի քաոսի բոլոր նկրտումները։
3․ Խոսել հանրության հետ։ Շատ խոսել հանրության հետ ու բացատրել ամենը։
4․ Կայունացումից ու կառավարելի քաոսի հնարավորության բացառումից, հանրությանը ամենը բացատրելուց հետո՝ հանրությունից ստանալ արձագանք(ֆիդբեք)։
5․ Ֆիդբեքի հիման վրա կայացնել որոշում։

Սա է իմ պատկերացմամբ տեղի ունեցողն ու իրավիճակից ելքի բանալին։

Բոլոր բոլորին խնդրում եմ․ ձեր քաղաքական ընդդիմախոսությունը որքան ուզում եք լցրեք իշխանության գլխին, բայց մի հարվածեք պետականությանն ու սահմանադրականությանը, թեկուզ անգիտակցաբար։ Սա կոչ չի չքննադատելու, այս չասելու կամ այն չասելու, սա կոչ է դա անելիս չմտնել այն գծի մեջ, որի մեջ ձեզ ուզում են դնել։

Խոհեմություն բոլորիս»:

https://www.facebook.com/vahagn.aleksanyan.52/posts/421017575578550?__cft__%5B0%5D=AZWsQRjTUNfzuBXiJb-5CjUSmD79KrxQ58ymjoonOyu4kypwVe8WZ1JU4k_JCzEI7zeIeIfpFxWC3sNOXu2hEyXcQAJyOq1lKrb6JPkFBEw24uzNL-xwefVhDUMM4FL0GLo&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ