Արմավիրի մարզի Գայ գյուղում երեկվա փոթորիկը լուրջ վնասներ է հասցրել ջերմոցատներին։
Այս մասին գյուղապետ Սեյրան Մարկոսյանը հայտնել է Sputnik Armenia-ին։
Նա նշել է, որ ամենը տեղի է ունեցել 20-30 րոպեների ընթացքում։ Քամին պոկել, պատռել է ջերմոցների թաղանթները, վնասել, արմատախիլ արել բույսերը։
Մարկոսյանի խոսքով՝ կա ջերմոց, որի վերականգնման համար 5 միլիոն դրամ է պետք՝ բույսերը չհաշված։ Կան ջերմոցներ, որոնք ամբողջովին չեն ավերվել, բայց միայն թաղանթի վնասումն էլ կես միլիոն դրամի վնաս է նշանակում։
Համայնքապետը նշել է, որ ջերմոցատներում հիմնականում լոլիկ, պղպեղ, վարունգ ու սմբուկ է աճեցվում։