fbpx
Իրավական

200 դոլարի դիմաց Ադրբեջանին է փոխանցել ռազմական գաղտնիքներ․ ԱԱԾ

ՀՀ ԱԱԾ-ն հայտնել է, որ ՀՀ քաղաքացին, որը եղել է զինծառայող, այս տարվա հունվարին նրան Ադրբեջանի հատուկ ծառայությունները հավաքագրել են, որը աշխատել է վերջիններիս համար և 200 դոլար վարձատրության դիմաց «Ֆեյսբուք»-ի միջոցով փոխանցել պետական և ծառայողական գաղտնիք կազմող տվյալներ:

«Դրանք եղել են ստորաբաժանման պահպանության ներքո գտնվող մարտական դիրքի տեղակայման վայրի, մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի թվաքանակի և մարտական հերթապահություն իրականացնելու հետ կապված տեղեկություններ:

Զինծառայողը կալանավորվել է, նրան մեղադրանք է առաջադրվել լրտեսության համար:

ԱԱԾ հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.

ՀՀ ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության դեպարտամենտի ձեռնարկած օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացի Դ. Ղ-ն, հանդիսանալով զինծառայող, ծառայության բերումով տիրապետել է N զորամասի պահպանության ներքո գտնվող սահմանագծի երկայնքով տեղակայված մարտական դիրքերի կոորդինատների, կահավորվածության, սպառազինության, հերթափոխում ընդգրկված զինծառայողների քանակի և մարտական հերթապահության իրականացման հետ կապված այլ տեղեկությունների:

Նկարագրված պայմաններում վերջինս 2022 թվականի հունվարին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչի հետ, և նրան վերջինս հավաքագրել է, ինչից հետո՝ 2022 թվականի հունվարից մարտն ընկած ժամանակահատվածում, հավաքել և բջջային հեռախոսի «Վոթսապ» հավելվածի, ինչպես նաև «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի «Մեսինջեր» հավելվածի միջոցով օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին է փոխանցել պետական և ծառայողական գաղտնիք կազմող՝ իրենց ստորաբաժանման պահպանության ներքո գտնվող մարտական դիրքի տեղակայման վայրի, մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի թվաքանակի և մարտական հերթապահություն իրականացնելու հետ կապված այլ տվյալներ՝ այդ կերպ լրտեսության եղանակով կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության, որի դիմաց բանկային փոխանցման միջոցով ստացել է օտարերկրյա պետության հատուկ ծառայությունների ուղարկած 200 ԱՄՆ դոլար գումար վարձատրություն:

Պետական դավաճանության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում Դ. Ղ-ն ձերբակալվել է և տվել խոստովանական ցուցմունք, որից հետո քրեական գործով հավաքված բավարար ապացույցների համակցությամբ վերջինս ներգրավվել է որպես մեղադրյալ, նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հետախուզական և հակահետախուզական գործունեության բնագավառում շարունակելու է ակտիվ ու հետևողական գործունեությունը և հավաստիացնում, որ նմանատիպ դեպքերի բացահայտումը և խափանումը ծառայության առաջնահերթությունն ու գործունեության հիմնական ուղղությունն է, միաժամանակ զգուշացնում է, որ համապատասխան միջոցներ են ձեռնարկվելու՝ մեղավոր անձանց օրենքի ամբողջ խստությամբ քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ