Իրանի և Թուրքիայի սահմանին (ներկայումս Թուրքիայի մաս կազմող Վան նահանգում) «Քրդական աշխատավորական կուսակցության» զինյալների ու թուրք զինվորականների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել: Այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները:
Հաղորդվում է, որ դրա հետևանքով զոհվել է 1 թուրք զինծառայող, ևս երկուսը վիրավորվել են: Նշվում է նաև, որ փոխհրաձգությունից հետո Թուրքիայի ԶՈՒ-ն անցել է «ահաբեկիչների չեզոքացման» գործողությանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի, պետքարտուղար Մայք Պոմպեոյի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև կայացած բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել Սիրիայում կրակի դադարեցման շուրջ:
Ըստ այդ հայտարարության Թուրքիան 120 ժամով կդադարեցնի Սիրիայում սկսած իր ռազմարշավը, որպեսզի քրդական զորամիավորումները դուրս բերվեն Սիրիայի հետ սահմանին ստեղծվող անվտանգության գոտուց: