fbpx
Իրավական

Հնարավոր է՝ դա զուտ էմոցիոնալ արտահայտություն է․ փոխոստիկանապետը՝ Ռուբեն Հայրապետյանի հայտարարության մասին

Ասֆալտին պառկեցնելով բերման ենթարկելը օրենքի սահմաններում է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում ընդդիմադիր գործիչների բերման ենթարկելուն։

Հարցին, թե եթե անձինք բերման են ենթարկվում ապօրինի զենք-զինամթերք ունենալու կասկածանքով, սակայն պարզվում է, որ օպերատիվ տեղեկությունը կեղծ է, ապա ինչն է բերման ենթարկելու իմաստը, փոխոստիկանապետը պատասխանեց, որ ըստ օրենքի՝ եթե ահազանգ է ստացվում՝ անկախ անձից, ապա անպայման պետք է արձագանք լինի, և օրենքի սահմաններում գործողություններ իրականացվեն։

«Կարծում եմ՝ այն ինչ արվել է, չի խախտել օրենքը»,-հավելեց նա։։

Փոխոստիկանապետը չցանկացավ արձագանքել այն մեկնաբանություններին, որոնք արվում էին նրանց իրականացրած գործողություններից հետո։ Հարցին, թե ինչ պատասխան պետք է տալ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի այն արտահայտությանը, որը խոստանում էր ոտքերը մաքրել իրավապահների վրա, Մովսիսյանը պատասխանեց, որ յուրաքանչյուր ապօրինի գործողություն պետք է իր գնահատականն ու տրամաբանական լուծումն ստանա։

«Ես հիմա չեմ կարող դա սպառնալիք գնահատել, հնարավոր է՝ դա զուտ էմոցիոնալ արտահայտություն է, բայց նման արտահայտությունները, իհարկե, ողջունելի չեն։ Դրանց մեր արձագանքել կամ չարձագանքելն այլ խնդիր է»,- նշեց նա։

Անդրադառնալով ընդդիմադիրներին ասֆալտին պառկեցնելով բերման ենթարկելուն՝ փոխոստիկանապետը ասաց, որ գործողությունների իրավաչափություն կա, որով էլ իրականացվել են այդ գործողությունները։

«Այո, գոյություն ունի և՛ ուժի կիրառման տրամաբանություն, և՛ դրա չափի, ձևի, և՛ հրազեն օգտագործելու հնարավորություն»,- ասաց նա։

Պատասխանելով հարցին, թե արդյոք եթե բերման ենթարկվողը չի դիմադրում, կարելի է պառկեցնել ասֆալտին, պատասխանեց․ «Եթե չեն դիմադրում, մենք ասֆալտին չենք պառկեցնում»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ