fbpx
Իրավական

ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննությունը դռնբաց անցկացնելու միջնորդությունը մերժվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է  Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով 10 ամբաստանյալների դատաքննությունը` Մեսրոպ Մակյանի նախագահությամբ:

Դատական նիստը դռնփակ է: Հիշեցնենք՝ նախորդ  նիստը բավական լարված ընթացավ և ընդհատվեց, քանի որ տուժող ոստիկաններից մեկի՝ Արամ Հովհաննիսյանի ցուցմունքի ժամանակ դահլիճում գտնվող ամբաստանյալների աջակիցներից  մեկը՝ Գևորգ  Սաֆարյանը, վիրավորական ռեպլիկ արեց տուժողի հասցեին: Դրան պատասխանեց ցուցմունք տվող ոստիկանի՝ դահլիճում նստած որդին: Փոխադարձ վիրավորանքներ հնչեցին: Դատավոր Մեսրոպ Մակյանն ընդհատեց դատական նիստը, որից հետո հայտարարեց, որ այսուհետ, մինչև դատաքննության ավարտը, նիստերը կանցկացվեն դռնփակ:

Այսօրվա դատական նիստին դատավորը նախ նկատողության ձևով սանկցիա կիրառեց տուժող  Արամ Հովհաննիսյանի, ամբաստանյալներ Գագիկ Եղիազարյանի և Արեգ  Կյուրեղյանի նկատմամբ, ովքեր նախորդ նիստին հրահրեցին միջադեպը:

Պաշտպան Զարուհի Փոստանջյանը միջնորդեց դատական նիստը կրկին անցկացնել դռնբաց: Պետական մեղադրող Պետրոս Պետրոսյանն առարկեց միջնորդության դեմ՝ հիշեցնելով, որ  այդպիսի իրավիճակ էլի է եղել, և ամբաստանյալների աջակիցները կրկին խախտել են դատական նիստի կարգուկանոնը և խոչընդոտել են տուժողների հարցաքննությանը:

Մեղադրողը նշեց, որ դատարանի այդ որոշումն ամենևին չի խոչընդոտում դատաքննության հրապարակայնությանը, քանի որ սահմանափակում չկա լրատվամիջոցների հեռարձակման համար: Դատավոր Մեսրոպ Մակյանը մերժեց Փոստանջյանի միջնորդությունն այն հիմնավորմամբ, որ նախորդ դատական նիստին ստեղծվեց իրավիճակ, երբ  Գևորգ Սաֆարյանը հրահրեց լարվածություն, իրավիճակը դարձավ անկառավարելի, դահլիճում նստածները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ չեն հարգում դատավարության կողմերին, ինչը նշանակում է, որ գործի քննության արդյունավետությունից ելնելով`դատական նիստերը պետք է անցնեն դռնփակ:

Այսօր դատարանն ավարտեց տուժող ոստիկան Արամ Հովհաննիսյանի հարցաքննությունը և ճշտեց դիրքորոշումն ամբաստանյալների նկատմամբ համաներում կիրառելու մասին: Տուժողը դեմ էր:

Աղբյուր՝ https://www.shantnews.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ