Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության և Ճապոնիայի միջազգային համագործակցության համակարգի (Japan International Cooperation System` JICS) համագործակցության արդյունքում ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը կստանա փրկարարական ժամանակակից գույքով համալրված ճապոնական Նիսսան (Nissan) մակնիշի 10 ավտոմեքենա:
Ճապոնիայի միջազգային համագործակցության համակարգը ստեղծվել է 1989 թվականին և դրամաշնորհային և տեխնիկական աջակցության ծրագրեր է իրականացնում աշխարհի տարբեր երկրներում՝ աղետների ռիսկի կառավարման և այլ ոլորտներում: Դոնորը Ճապոնիայի կառավարությունն է:
Այս մեքենաների տրամադրման վերաբերյալ բանակցությունները սկսվել էին 2014 թվականին: Հայաստանը ներկայացրել է իր կարիքները՝ մեքենայի տեխնիկական բնութագրեր, գույքային համալրվածություն և այլն, Ճապոնիան, ըստ դրանց՝ ընտրել-կահավորել մեքենաները:
Մեքենաներն արդեն Հայաստանում են: Տեխնիկական խնդիրների լուծումից հետո՝ պետական գրանցում և այլն, մեքենաները կհանձնվեն փրկարարներին: Որոշվել է մեկական մեքենա տրամադրել Տավուշի, Լոռու, Սյունիքի և Շիրակի մարզերի թիմերին:
Բացի այս 10 մեքենայից, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունն այս տարի ՀՀ ԱԻՆ-ին կտրամադրի 40 միավոր հրշեջ-փրկարարական մեքենա: