Այսօր` հուլիսի 3-ին, դատարանից դուրս գալով, լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ կարծում է, որ միգուցե նոր հանգամանքներ ի հայտ գան իր պատասխաններից և դատարանը որոշի` ինչ անել իրենց հետ:
Արսեն Թորոսյանը նշեց, որ գործին նախորդող որոշակի պրոցեսներ է պատմել, որոնց մասին ինքը տեղյակ է եղել, որոնք հնարավոր է, որ փոփոխություններ մտցնեն գործի ընթացքի մեջ:
«Ենթադրում եմ, որ կան փաստական հանգամանքներ դրանք ապացուցող կամ հերքող և դատարանը կորոշի մեղադրանքն էլ ճիշտ էր, թե սխալ։ Ես այն ժամանակ իմ հայտարարություններով դատապարտել եմ և անընդունելի եմ համարել նման գործելաոճը և վերահաստատում եմ, որ որևէ տեսակի ֆինանսական հարաբերությունների մեջ առողջապահության որևէ աշխատակից, այդ թվում՝ փոխնախարար չպետք է մտներ և չպետք է մտնի։ Ինքս տարբեր ԲԿ-ների տնօրենների հետ խոսակցությունների էի ունեցել և հորդորել էի՝ մոռանալ նախկինում արմատավորված պրակտիկաները և հեռու մնալ առողջապահության նախարարության տարբեր աշխատակիցներից՝ տարբեր առաջարկներով»,- ասաց Թորոսյանը։
Հիշեցնենք, որ նախարարը հրավիրվել էր դատարան՝ Առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի և «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» կենտրոնի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի գործով դատական նիստին վկայի կարգավիճակով ցուցմունք տալու համար։