fbpx
Տնտեսություն

Պրոգրեսի բացակայությունը փաստում է տնտեսության ճահճացումը․ Հրանտ Բագրատյան

Տնտեսագետ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով 2019-ի հունվար-օգոստոս ամիսների մակրոտնտեսական թվերի հրապարակմանը։

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Հրապարակվել են 2019-ի հունվար-օգոստոսի մակրոտնտեսական թվերը։ Պրոգրեսի բացակայությունը փաստում է տնտեսության ճահճացումը. ինչ-որ «հեղափոխական» տնտեսական մոդելի մասին խոսք անգամ լինել չի կարող։

Մակրոտնտեսական ցուցանիշներ

ՀՆԱ-ՏԱՑ։ 2019-ի 8 ամսվա կտրվածքով ՀՆԱ ցուցանիշը չկա (2019-ից գյուղատնտեսության տվյալները հրապարակվում են եռամսյակը մեկ)։ ՏԱՑ ցուցանիշը կազմել 7.0% հունվար հուլիսի 6.8-ի փոխարեն։ Այստեղ, սակայն, բլեֆ կա. իրականում ցուցանիշը 0.2%-ով էլ չի աճել։ “Ճշգրտել են” հուլիսի ՏԱՑ-ը և այն 8.1-ից դարձրել 8.3%։ Այնպես որ իրականում հունվար-օգոստոսին գրանցվել է ՏԱՑ աճի տեմպի անկում։ Ինչ վերաբերում է իրական տնտեսական աճին, ՀՆԱ-ին, ապա առաջին եռամսյակում այն եղել է 7.1, կիսամյակում՝ 6.5, իսկ 9 ամսում, նկատի ունենալով գյուղատնտեսությունում աճի բացակայությունը, էլ ավելի կիջնի (5.8-6.2% միջակայք)։ Դրանից էլ հանելով տոքսիկ աճը (խաղեր, ավտոմեքենաների վաճառք, հանքարդյունաբերություն) դուրս ենք գալիս 3-3.5%-ի վրա։ Այսինքն, այնքան, ինչքան աշխարհում տնտեսությունն աճել է և շատ ավելի պակաս, քան ՍՍ-ի օրոք։ Իբր թե նրանից էլ գոհ էինք։

Ճյուղային ցուցանիշներ

Աճը հիմնականում գրանցվել է զբոսաշրջության, մշակող արդյունափերության, հանքարդյունաբերության, խաղերի և ավտոմեքենաների վաճառքի շնորհիվ։ Սրանցից դրական են միայն առաջին 2-ը։ ՀՀ տնտեսությանն ահագին օգնեցին Վրաստանում ռուսական տուրիզմի հետ կապված դեպքերը։ Ընդ որում, ՏՏ ոլորտում նկատելի աճ չկա (միջին մակարդակի երկրներում ՏՏ ոլորտի աճը 7 անգամ գերազանցում է տնտեսության աճի միջին ցուցանիշը)։ Հանքարդյունաբերության 15% աճը պայմանավորված է Ամուլսարով։ Տեսնելով այստեղ բարդությունները, մյուս հանքատերերը շետակիորեն մեծացրել են արդյունահանման ծավալները։ Ներկայումս տեղի է ունենում հանքերի իսկական թալան։ ՆՓ-ին վաղուց ասվել է, որ հանքաքարը արտահանում են օֆշոր ցածր գնով, իսկ այնտեղից բարձր գնով վաճառում վերջնական գնորդին։ Ասվել է, որ կարգավորիր։ Կարգավորում չկա։ Եվ քանի որ ամենաշատ հանքաքար հիմա է արդյունահանվում, ստացվում է որ ամենամեծ կոռուպցիան ու թալանն էլ հիմա է, “հեղափոխությունից” հետո։ Դրան ավելացրեք հանքաքարի արդյունահանման քվոտաների և ամեն հանքի դեպքում շրջակա միջավայրի հաստատված նորմատիվների բացակայությունը (այս պայմաններում, օրինակ, Ամուլսարի գծով ՇՄԱԳ անելը բյուջետային միջոցների վատնում է)։ Ասվել է։ Արդյունքը 0 է։

Մի շարք ոլորտների վիճակագրությունն ակնհայտորեն կեղծված է։ Այսպես, ՏԱՑ-ն աճել է 7%-ով, իսկ բեռնափոխադրումները պակասել են 54%-ով։ Ընդամենը մեկ տարում տնտեսության բեռնատարությունն իջել է ավելի քան 2 անգամ։ Սա արդեն տնտեսագիտություն չէ, գրական ֆանտաստիկայի ժանր է։ Եվս այսպիսի մեկ տարի, և ՀՀ-ն կլինի աշխարհում առաջին պետությունը, որտեղ տրանսպորտ պետք չէ։ Կամ շինարարությունն ավելացել է 4.4%-ով, մինչդեռ ապրանքային բետոնի արտադրությունը պակասել է 12%-ով։ Այսինքն, մեկ տարում միավոր շինարարության բետոնատարությունն իջել է 16.4%-ով։ Ի դեպ, պակասել է էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 3.5%։ Այսինքն, միավոր ՀՆԱ-ի էլեկտրաէներգատարությունը պակասել է 10%-ով։ Չեմ հավատում։ Առանձին հարց է կոնյակի արտադրության աճը՝ 44.5%։ Վերլուծությունը ցույց է տալիս, որ ավելի քան 70%-ի դեպքերում այդ աճը գրանցվել է գործարաններում, որոնք ոչ թե դիստիլյատ են արտադրում, այլ ռեկտիֆիկատ սպիրտ։ Այսինքն, ՌԴ է արտահանվում գույն տված օղի վրան մինչև 10-15% խաղողի դիստիլյատ ավելացրած։ Մի օր, երբ մեր կոնյակի արտահանումը ՌԴ կասեցվի, հայրենասիրական հոխորտանքները չթմբկահարեք։

Գնաճ

Դժբախտաբար, գնաճը կազմել է 1.8%։ Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ նման գնաճի պայմաններում տնտեսական լուրջ աճ հնարավոր չէ։ Վերլուծությունն էլ վկայում է, որ այդ ցածր գնաճը, ինչը կառավարության անդամները սխալմամբ ներկայացնում են իբրև հաջողություն, իրականում զուտ մոնետարիստակա երևույթ է։ Նախ, պետական բյուջեի ծախսերն ընդամենը 7.7%-ով են ավել 2018 համանման ժամանակաշրջանի ծախսերից (համապատասխանաբար 897 և 833 մլրդ դրամ)։ Միևնույն ժամանակ եկամուտներն ավել են 21.7%-ով (990 և 812 մլրդ դրամ)։ Երկրորդ, ԿԲ-ն անընդհատ ճզմում է փողի բազան։ Տարեսկզբից փողի բազան կրճատվել է ավելի քան 70 մլրդ դրամով։

Բյուջե

Բյուջեի եկամուտների աճի տեմպը էականորեն կրճատվել է։ Հիշում եք, երբ հուլիսին ՆՓ-ն հայտարարեց, որ 2019-ի հունվար-հունիսի եկամուտները 2018-ի համանման թիվը գարազանցում են 25.1%-ով։ Ասացինք հանգստացեք. շուտով կիջնի։ Իրոք, հունվար օգոստոսին անցյալ տարվա 8 ամսվա համեմատությամբ պետական բյուջեի եկամուտներն ավելացել են սոսկ 21.7%-ով։ Առաջիկայում այս թիվը ևս կիջնի։ Հարկերի հավաքագրման առումով ՊԵԿ-ը համեմատաբար լավ աշխատանք է տարել։ Բայց ռեզերվները սպառված են։ Մինչև տավերջ աճի տեմպը կշարունակի անկում ապրել։

Զբաղվածություն

Այս ոլորտի նկատմամբ ԱՎԿ-ն առանձնահատուկ վերաբերմունք է դրսևորել։ Հիշում եք, տարվա ընթացքում ՆՓ-ն հայտարարեց, որ 51 հազ աշխատատեղ է ստեղծվել։ Ես էլ հակադարձեցի, որ այդ ի՞նչ եք ասում, ըստ ձեր ԱՎԿ տվյալների 2019-ի 1-ին եռամսյակում 2018-ի համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ գործազրկությունն ավելացել է 6.7%-ով կամ 16 հազ. մարդով։ Եվ ահա 2-րդ եռամսյակում գործազուրկների թիվը կտրուկ իջնում է 46.4 հազ. մարդով։ 3-մլն-ոց պետությունում ամիսը 15.5 հազ գործազուրկ պակասեցնելը… ԱՄՆ-ում լավագույն դեպքում ամսեկան հնարավոր է 130-150 հազ նոր աշխատատեղ ստեղծել, իսկ ՌԴ-ում՝ 8 հազ (եթե տնտեսական աճ կա)։ Ամոթ է։ Երբ որ ՍՄ-ն 2018-ի մայիսին վերանշանակվեց, զգուշացրեցինք, որ ՆՓ-ի նպատակը բարի չէ։

Ներդրումների, արտագաղթի, համադրելի գներով արտահանման, երկրից կապիտալի արտահանման և այլն թվերը ընդհանրապես չեն հրապարակվել (եթե բարելավում լիներ վազելով էին հրապարակել)։
Կտրուկ (6.8%) ավելացել է հանցագործությունը։ Սեփականության դեմ ուղղված հանցագործություններն ավելացել են 19.4%-ով։ Իսկ սպանությունները՝ 18%-ով»։

https://www.facebook.com/hrant.bagratyan/posts/2535560136501489?__xts__[0]=68.ARAHgCutjggZqv9XAAUn8Q49cD6TW7PWafodMIQEgcyEJnOTk_LHbRdy4U3qX1fsRmwcIUzPQq9QxAx29bfbJE2YLou67UrpWOlhxNKVJHRHnTLXX9DtDS4WQyhomNHE1wxZpowc9CouG9yy2DeM5aqWUINNwSrz01GsHpfRs4CgkIxBWCk0wids_zjaQRkN-ePa1xAcPhk6BYwP87zMYh6SR8KvK0NUpOL9eYL3c8b-2phvyjuaPXDoMgsOLpV8ulu-iJTfLcbk5WKMwqnUxC-IxK8z4iMjwkRFO4ra_WI_I15VqPcAuZfr-FBcVhI0uubuGdFWp7STA-YIOUQS0w&__tn__=-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ