Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի իր պաշտոնակից Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույց է ունեցել։ Նրանք քննարկել են սիրիական ճգնաժամի կարգավորումը Իդլիբի ապաէսկալացման գոտում իրադրության սրվելու համատեքստում: Այս մասին տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ խոսակցությունը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ:
«Շարունակվել է սիրիական ճգնաժամի կարգավորման տարբեր ասպեկտների քննարկումը, նախևառաջ ապաէսկալացման Իդլիբի գոտում իրադրության սրվելու համատեքստում: Նշվել է առկա ռուս-թուրքական պայմանավորվածությունների ամբողջական իրագործման կարևորությունը, ներառյալ Սոչիի 2018 թվականի սեպտեմբերի 17-ի հուշագիրը»,-նշված է հաղորդագրության մեջ:
Ասվում է, որ այդ նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել համապատասխան գերատեսչությունների գծով լրացուցիչ շփումների անցկացման շուրջ:
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել է, որ կոչ է արել Պուտինին՝ ճնշում գործադրել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վրա, որպեսզի սիրիական բանակը դադարեցնի հարձակումը Իդլիբի նահանգում և մինչև փետրվարի վերջը հետ քաշվի թուրքական հսկիչ կետերից՝ հակառակ դեպքում սպառնալով ռազմական հարվածով:
