fbpx
Սպորտ
18:15 05/10/2019

Փյունիկի ղեկավարությանը վերջին անգամ հորդորում ենք․ Լոռիի հայտարարությունը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հարգելի ֆուտբոլասերներ, ֆուտբոլային ընտանիքի ներկայացուցիչներ,

Վերջին օրերին հայկական ֆուտբոլի շուրջ քննարկումները տարատեսակ ասուլիսների և հայտարարությունների տեսքով կրկին ակտիվացան։ Լոռի ՖԱ-ն բազմիցս հայտարարել է, որ շահագրգռված չէ տարբեր ինտրիգային հարցեր քննարկել խաղադաշտի սահմաններից դուրս, սակայն, կրկին մեր ակումբի անունը շոշափելով, փորձ արվեց Լոռի անունն օգտագործել մերձֆուտբոլային խնդրի շուրջ։ Կարծում ենք, որ նախկինում մեր՝ Արթուր Սողոմոնյանին ուղղված՝ լրջանալու և ֆուտբոլային հարթակներում հարցեր լուծելու կոչն այդպես էլ տեղ չհասավ Փյունիկ ակումբի ղեկավարությանը (մինչդեռ նրանք նշել էին, որ էջը համարում են փակված):

Սեփական թիմի անհաջողություններն անընդհատ բարդել մրցակից թիմերի կողմից ցուցադրած արդար խաղի, մրցավարների, չապացուցված ինչ-որ անհասկանալի համակարգերի, ՀՀ չեմպիոն դառնալու հնարավորությունից զրկելու անհիմն պնդումներով և մեղադրանքներով հնարավոր չէ առողջ մթնոլորտ ստեղծել մեր ֆուտբոլային ընտանիքում։ Դա միայն խարխլում է հայկական ֆուտբոլի հիմքերը։

Ավելին՝ հոկտեմբերի 5-ին, Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում Բարձրագույն խմբի առաջնության 10-րդ տուրի Լոռի – Փյունիկ հանդիպմանն ընդառաջ, մեր կարծիքով, այս հայտարարությունները լրացուցիչ սրում և շիկացնում են ստեղծված իրավիճակը։

Փյունիկի ղեկավարությանը վերջին անգամ հորդորում ենք․

1/ Լոռին հակամարտող կողմ չէ և կապված չէ որևէ հակաֆուտբոլային գործունեության հետ։ Ավելին՝ դեռ մեծ հարց է, թե որ թիմն է ավելի շատ տուժել մրցավարությունից․ վիճակագիրներն ավելի լավ գիտեն։

2/ Մեր գործողություններում և հայտարարություններում չկա միտում, որն ուղղված է ՀՀ առաջնությունում հանդես եկող որևէ թիմի դեմ։ Մենք արդար խաղի կողմնակիցն ենք, պահպանել և պահպանում ենք ֆուտբոլ խաղի կանոնները։

3/ Եվս մեկ անգամ կոչ ենք անում մեր գործընկերներին դրսևորել հարգանք և կոռեկտություն մրցակից թիմերի նկատմամբ և փորձել հարցերը լուծել ֆուտբոլ խաղի ժամանակ, կանաչ խաղադաշտի սահմաններում, այլապես մեր ակումբն ունի ոչ միայն ֆուտբոլային ներուժ, այլևլծակներ ակումբի պատիվն արատավորողներին կարգի հրավիրելու համար։

Հ․Գ․

Նախորդ առաջնությունում, երբ Լոռին ընթանում էր առաջին հորիզոնականով, մրցավարները 5 խաղում չեն հաշվել մեր թիմի խփած 6 գոլերը, որոնցից մեկը ներկայացնում ենք ստորև՝ նախորդ մրցաշրջանի Լոռի – Փյունիկ հանդիպումից /0։1/, երբ մրցավար Գ․ Եղոյանը չհաշվեց տանտերերի խփած մաքուր գոլն ու խաղի որոշիչ րոպեներին ցույց չտվեց հյուր թիմի ֆուտբոլիստ Վահագն Հայրապետյանի երկրորդ դեղին քարտը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ