fbpx
Երևան

5,3 մլն եվրո՝ վտանգավոր թափոնների կառավարմանը. քաղաքապետն ու ԵՄ դեսպանը հուշագիր են ստորագրել

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան տիկին Անդրեա Վիկտորինի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:

Հուշագրի ստորագրման պաշտոնական արարողությանը ներկա են եղել Բրյուսելից ժամանած Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը, ինչպես նաև մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ:

Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական Միության միջև 2019 թվականի դեկտեմբերի 17-ին կնքվել է «Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ» դրամաշնորհային N(NEAR-TS/2019/412-943) պայմանագիրը, որի հիմնական նպատակն է քաղաքային կառավարման համակարգային բարեփոխումներով ներդնել վտանգավոր թափոնների կառավարման նոր ու արդյունավետ մի համակարգ: Վերջինս հնարավորություն կտա ապահովել վտանգավոր թափոնների կառավարման ոլորտում նոր ու ժամանակակից ինստիտուցիոնալ և մասնագիտական կարողությունների հզորացումը, դրանց կառուցվածքային համապատասխան ոլորտներում ներդրման գործընթացին, ինչպես նաև համապատասխան ընթացակարգերի մշակմանն ու քաղաքային համապատասխան կառույցներին ինտեգրմանը: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 5.326.377 եվրո: Ծրագրի ավարտին ակնկալվում է մի իրավիճակ, երբ Երևանում բոլոր հնարավոր վտանգավոր թափոնների առումով կլինեն վերջնական լուծումներ՝ կամ թափոնների վնասազերծման, կամ դրանց անվտանգ պահպանման համար:

Հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շեշտել է, որ ծրագրին մասնակցելու համար Երևանը մրցութային հայտ է ներկայացրել և շահել մրցույթը, ինչը նշանակում է, որ ՀՀ մայրաքաղաքի ներկայիս քաղաքականությունը վտանգավոր թափոնների կառավարման գործում լիովին համահունչ է ԵՄ սկզբունքներին:

«Վտանգավոր թափոնների կառավարման հարցում Երևան համայնքը մեծ բացեր ունի, պարզ ասած՝ համայնքը երբեք խորապես չի զբաղվել այս հարցով: Եվ մենք երկար ճանապարհ ունենք անցնելու՝ այս ոլորտի հետ կապված համալիր խնդիրների լուծման նպատակով: 2019-ին մեզ հաջողվեց չափազանց կարճ ժամանակահատվածում զրոյից ստեղծել և ամբողջ հզորությամբ աշխատեցնել «Երևանի աղբահանության և սանիտարական մաքրման կազմակերպությունը»: Այս տարվա հունվար ամսից կազմավորվել է «Երևանի կանաչապատման և շրջակա միջավայրի կառավարման» կազմակերպությունը: Մենք քայլեր ենք ձեռնարկում տարանջատված աղբահանության կազմակերպման ուղղությամբ», – ասել է քաղաքապետ Հայկ Մարությանը:

Քաղաքապետը նշել է նաև, որ Երևանն այս պահին կատարել է բոլոր հնարավոր նախապատրաստական աշխատանքները՝ հաշվի առնելով վտանգավոր թափոնների կառավարման ծրագրով նախատեսված պարտավորությոնները, ինչը հնարավորություն է տալիս առավել արդյունավետ սկզբնակետից սկսել ծրագրով նախատեսված աշխատանքերի իրականացումը:

Վերոհիշյալ բոլոր արդյունքներն ապահովվելու են զուգահեռաբար Տիրանայի և Վարշավայի հետ սերտ համագործակցության շնորհիվ՝ ինչպես նախատեսված է ծրագրի հայտում:

***
Հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությունից առաջ Հայկ Մարությանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսին: Զրուցակիցները կարևորել են ՀՀ մայրաքաղաքի համագործակցությունը ԵՄ կառույցների հետ՝ մի շարք բնապահպանական, քաղաքաշինական և սոցիալական կարևորության բնագավառներում:

Մասնավորապես, Հայկ Մարությանը նշել է, որ Երևանի համար առաջնային մարտահրավերներից մեկը հանրային տրանսպորտի բարեփոխումներն են, որոնք, ի թիվս այլոց, նաև լուրջ բնապահպանական և սոցիալական բաղադրիչներ են պարունակում: Հայկ Մարությանը նշել է, որ Երևանը պատրաստվում է ունենալ «կանաչ» տրանսպորտ, և քաղաքն այդ գործում ակնկալում է միջազգային գործընկերների, այդ թվում՝ Եվրամիության և նրա կառույցների աջակցությունը:

Իր հերթին Վասիլիս Մարագոսը նշել է, որ ԵՄ կառույցները հանձնառու են գործընկեր երկրներում բնակչության համար ապահով և բարեկեցիկ միջավայր ստեղծելու գործում օժանդակելու և այս առումով պատրաստ են քննարկելու համագործակցության պայմանները որոշակի ոլորտներում:

Գրում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ